«Սթարը» 15-օրյա ժամկետում կարող է դիմել Վճռաբեկ դատարան
08/08/2013 17:37

«Սթարը» 15-օրյա ժամկետում կարող է դիմել Վճռաբեկ դատարան

«Սթար» խանութների ցանցը այլևս տարածքներ չունի և հուլիսի 29-ին դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Սթար դիվայդի»` ընկերությանը սնանկ ճանաչելու մասին: «Սթարը» «Պեռնո Ռիկար Արմենիային» պարտք է 76 մլն 845 հազար դրամ:

Aysor.am-ին «Սթար Դիվայդի» սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արման Սարգսյանը հայտնեց, որ բացի «Պեռնո Ռիկար Արմենիային» պարտքը՝ «Սթար Դիվայդը» պարտքեր ունի այլ կազմակերպությունների ևս. Այդ գործընթացը կկարգավորվի Սնանկության մասին օրենքի 46-րդ հոդվածով. Գործընթացում պարզ կդառնա, թե «Սթար Դիվայդը» ում որքան է պարտք:

Հարցին՝ արդյոք «Սթար Դիվայդը» դուրս կգա՞ շուկայից, Ա. Սարգսյանը պատասխանեց՝ դժվար է ասել, քանի որ սնանկացման ծրագիրը նաև առողջացման ծրագիր է նախատեսում, որի գոյության մասին, սակայն, Ա Սարգսյանին հայտնի չէ:

Միտումնավո՞ր էր արդյոք «Պեռնո Ռիկար Արմենիայի» գործողությունները հարցին Արման Սարգսյանը պատասխանեց, որ նման որակում տալու իրավասություն չունի. գուցե համապատասխան մարմինները կպարզեն:

Ա. Սարգսյանը նաև փոխանցեց, որ «Սթար Դիվայդի» ֆինանսական վիճակի մասին վերլուծություն կկատարվի` պարզելու, թե ինչո՞ւ ընկերությունը հայտնվեց նման իրավիճակում:

Նա նաև տեղեկություններ ուներ, որ «Սթար» առևտրային ցանցի իրացման կետերում աշխատում է բոլորովին այլ կազմակերպութուն, ոչ «Սթարը». Վերջինիս գույքի և ֆինանսական հոսքերի վրա արգելանք է դրված, և ընկերությունը իրացմամբ չի կարող զբաղվել:

Նշենք, որ «Սթար Դիվայդը» հնարավորություն ունի 15-օրյա ժամկետում դիմելու Վճռաբեկ դատարան` վիճարկելու առաջին ատյանի որոշումը. Սնանկության մասին որոշումը դեռևս օրենքի ուժ չունի:

«Սթարը» 15-օրյա ժամկետում կարող է դիմել Վճռաբեկ դատարան