Աղվան Հովսեփյան. Աչքակապության, կեղծիքների դրսևորումները չեմ հանդուրժելու
09/08/2013 14:41

Աղվան Հովսեփյան. Աչքակապության, կեղծիքների դրսևորումները չեմ հանդուրժելու

Երեկ` օգոստոսի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվել են ՀՀ դատախազության 2013 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները: Այս մասին  հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես` քննարկվել են նախորդ 6 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակի, դրանց վերլուծությունների և ուսումնասիրության արդյունքները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:

Հանցավորության վիճակն ըստ ոլորտների ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները՝ վերլուծելով հանցավորության վիճակի շարժընթացը, իրավապահ մարմինների ձեռնարկած կանխարգելիչ քայլերը:

ՀՀ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ առանձին հանցատեսակների բացահայտման աշխատանքները բարելավելու համար դատախազական հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, գոհացուցիչ չի գնահատվել բնակարանային գողությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը, առանձին տարածքներում անչափահասների կողմից հանցագործությունների կատարման մեջ մասնակցության դեպքերի աճը և հանձնարարվել է դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին կատարել համապատասխան վերլուծություններ՝ խնդիրները վեր հանելու և միջոցառումների ծրագիր մշակելու համար։

«Անփույթ, աշխատանքի նկատմամբ անտարբեր վերաբերմունք, առավել ևս աչքակապության, կեղծիքների դրսևորումները չեմ հանդուրժելու»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ տալով կոնկրետ ցուցումներ աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ։ 

Աղվան Հովսեփյան. Աչքակապության, կեղծիքների դրսևորումները չեմ հանդուրժելու