.jpg)
Ի՞նչ դեր կարող է ունենալ ԻԻՀ ԱԳ նախարարը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում
Օգոստոսի 5-ին Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին Մեջլիսի հաստատմանը ներկայացրեց կառավարության կազմը: ԻԻՀ սահմանադրության 133 հոդվածի համաձայն՝ Մեջլիսի կողմից վստահության քվե ստանալուց հետո միայն նախարարները կարող են անցնել իրենց պարտականությունների կատարմանը:
Ռոհանիի կողմից ԻԻՀ Մեջլիսի հաստատմանը ներկայացված նախարարներից ԱԳ նախարարի թեկնածու Մոհամմադ Ջավադ Զարիֆն այն թեկնածուներից է, ում առաջադրումը Իրանի քաղաքական տարբեր ուժերի կողմից այնքան էլ միանշանակ չընդունվեց:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը արտաքին քաղաքականության ոլորտում մեծ փորձ ունի. 5 տարի ղեկավարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական առաքելությունը, Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար աշխատած տարիներին մասնակցել է միջուկային խնդրի շուրջ անցկացված բանակցություններին, ինչպես նաև` անցած 20 տարիների ընթացքում մասնակցել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացված գաղտնի բանակցություններին:
Ըստ այդմ, Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ ԱԳ նախարարի պաշտոնում առաջադրվելը վկայում է, որ ԻԻՀ նորընտիր նախագահը նպատակ ունի վերջին 30 տարում Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում հաստատված տարաձայնությունները մի կողմ դնել:
Այս օրերին Իրանի քաղաքագիտական շրջանակներում քննարկվում է Մեջլիսի կողմից Զարիֆի վստահության քվեի հարցը:
Իրանցի քաղաքագետ Հուման Դուրանդիշի կարծիքով՝ եթե Մեջլիսի պահպանողական պատգամավորները (ԻԻՀ Մեջլիսի մեծամասնությունը կազմում են պահպանողականները) վստահության քվե չտան Զարիֆին, ապա Արևմուտքը կփոխի իր վերաբերմունքը Ռոհանիի նկատմամբ, կստացվի, որ Մեջլիսում ներկայացված պահպանողականները արտաքին քաղաքականության հարցում ավելի որոշիչ դեր ունեն, քան նախագահ Ռոհանին:
Իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ Ջորջ Բուշի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բրեթ Սկոուքրոֆթը հայտարարել է, որ Մահամմադ Ջավադ Զարիֆը կարող է նպաստել իրանաամերիկյան հարաբերությունների բարելավմանը:
Տեխասի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով տեղակալ Քամրան Բոխարին էլ նշում է, որ Զարիֆիի՝ ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան աշխատած տարիներին Իրանն ու ԱՄՆ-ն համագործակցել են Սադդամ Հուսեյնի իշխանության տապալման գործում:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որպես պրոֆեսիոնալ դիվանագետ իր մասնակցությունն է ունեցել միջազգային կարևորագույն իրադարձություններին, ինչպիսիք են Լիաբանանում եվրոպացի պատանդների ազատումը, Աֆղանստանի անվտանգության հարցերով անցկացված միջազգային քննարկումները:
ԻԻՀ ԱԳ նախարարի թեկնածու Մոհամմադ Ջավադ Զարիֆը 1976-1982թթ. սովորել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան: 1984-87թթ. Դենևրի համալսարանում միջազգային հարաբերությունների ոլորտում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը:
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման հեռանկարին՝ նշենք, որ, դատելով երկու կողմերից հնչող հայտարարություններից (ԻԻՀ նախագահ Ռոհանին օրերս հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն կառուցողական և իմաստալից քայլեր կատարի, ապա Իրանի կառավարությունը պատրաստ կլինի առանց ժամանակ վատնելու երկխոսության մեջ մտել Միացյալ Նահանգների հետ: Ի պատասխան Ռոհանիի հայտարարության՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակն էլ հայտարարեց, որ եթե Իրանի կառավարությունը պատրաստ լինի ԱՄՆ-ի հետ լուրջ բանակցության, ապա Վաշինգտոնը նույնպես պատրաստ է բանակցել), կարելի է եզրակացնել, որ թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը պատրաստակամ են բանակցել երկկողմ հարաբերություններում վերջին 30 տարում արմատացած տարաձայնությունները մի կողմ դնելու հարցում, սակայն առայժմ այնպիսի տպավորություն է, որ կարծես կողմերից ոչ մեկը չի ցանկանում առաջին քայլը կատարել: Ամենայն հավանականությամբ Իրան-ԱՄՆ ուղղակի բանակցությունների թերևս առաջին փորձը կարող է լինել աշնանը կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում:
Կից ներկայացվում է օգոստոի 5-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի կողմից Մեջլիսի հաստատմանը ներկայացրած կառավարության կազմը՝
Արտաքին գործերի նախարար՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Նավթի նախարար՝ Բիժան Նամդար Զանգանե
Ներքին գործերի նախարար՝ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազալի
Էկոնոմիկայի նախարար՝ Ալի Թիբ Նիա
Տեղեկատվության նախարար՝ Սեյյեդ Մահմուդ Ալավի
Էներգետիկայի նախարար՝ Համիդ Չիթ Չիան
Պաշտպանության նախարար՝ Հոսեյն Դեհղան
Առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար՝ Մոհամմադ Ռեզա Նեեմաթզադե
Գյուղատնտեսության նախարար՝ Մահմուդ Հոջաթի
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար՝ Ալի Ռաբիի
Քաղաքաշինության և տրանսպորտի նախարար՝ Աբբաս Ախունդի
Կրթության նախարար՝ Մոհամմադ Ալի Նաջաֆի
Առողջապահության նախարար՝ Սեյյեդ Հասան Ղազիզադե Հաշեմի
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար՝ Մասուդ Սոլթանիֆար
Արդարադատության նախարար՝ Հոջաթ օլ-էսլամ Փուր Մոհամմադի
Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար՝ Ալի Ջենաթի
Կապի նախարար՝ Մահմուդ Վաեզի
Գիտության նախարար՝ Ջաաֆար Մեյլի Մոնֆարեդ