Արմեն Չախալյանը կմնա կալանքի տակ. Վահագնին դահլիճից դուրս են հրավիրել
09/08/2013 17:30

Արմեն Չախալյանը կմնա կալանքի տակ. Վահագնին դահլիճից դուրս են հրավիրել

Ջավախքահայ հասարակական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբոր` Արմեն Չախալյանի գործով` այսօր ժամը 13.00-ին մեկնարկած դատական նիստը շարունակվում է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Արմեն Չախալյանի երեք դատապաշտպաններն այսօր ներկայացնելու էին մի քանի միջնորդություններ, որոնցից մեկն էլ վերաբերում էր Արմեն Չախալյանի խափանման միջոցը փոխելուն ու կալանքից ազատելուն:

Aysor.am-ի հետ զրույցում Վահագն Չախալյանն ասաց, որ դատարանը մերժել է այդ միջնորդությունը` հրաժարվելով փոխել խափանման միջոցը. Արմենը դեռևս կալանքի տակ կմնա:

«Հիմա ոչ մի այլ բան չեմ կարող ասել, քանի որ ինձ դատարանի դահլիճից դուրս են հրավիրել: Ընդ որում, դուրս են հրավիրել շատ հետաքրքիր իրավիճակում: Մեր դատապաշտպաններից մեկը միջնորդագիր էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը պարտադրի մեղադրող կողմին իրեն տրամադրել գործին առնչվող որոշ նյութեր: Մինչ այդ` հուլիսի 19-ին, մեր պաշտպանն անձամբ էր դիմել մեղադրող կողմին նույն խնդրանքով, իսկ վերջիններս հրաժարվել էին տրամադրել նյութերը: Սակայն այսօր դատարանում միջնորդագրի ներկայացումից հետո մեղադրող կողմը հայտարարեց, որ արդեն վաղուց տրամադրել է մեզ տվյալ նյութերը, ընդ որում, իբրև թե, նյութերը փոխանցվել են Արմեն Չախալյանի եղբորը, այսինքն` ինձ: Երբ դատավորն ինձ հարցրեց՝ ստացե՞լ եմ ես նյութերը, թե` ոչ, պատասխանեցի ինչպես կա` ոչ: Իմ պատասխանից հետո ինձ ուղղակի դուրս հրավիրեցին դահլիճից: Հիմա դրսում սպասում եմ»,- Aysor.am-ին պատմեց Վահագն Չախալյանը:

Հիշեցնենք, որ նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը ձերբակալվել է Նինոծմինդայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Անկարգություն անվանված «տղայական կռվից» հետո նրան ձերբակալել էին Նինոծմինդայի, Ախալքալաքի և հատուկ ծառայությունների աշխատակիցները` դիմակներով և ավտոմատներով:

Նախորդող հրապարակումներ` Վրաստանում ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը

Չախալյանի գործով դատական նիստը`այսօր. Պաշտպանները միջնորդագրեր կներկայացնեն

 

 

Արմեն Չախալյանը կմնա կալանքի տակ. Վահագնին դահլիճից դուրս են հրավիրել