.jpg)
Քաշաթաղի շրջանում դարձյալ ամրոցներ են հայտնաբերվել. Լուսանկարներ
Քաշաթաղի շրջանի պատմամշակութային միջավայրը, որը սկսել են ուսումնասիրվել ազատագրումից հետո, դեռ շատ չբացահայտված ու չուսումնասիրված կողմեր ունի:
Արդեն քանի տարի է, ԼՂՀ տարածքում գտնվող պատմական հուշարձանների պահպանական գոտիների կազմամբ է զբաղվում հնագետ Գագիկ Սարգսյանը, ով հերթական աշխատանքների ժամանակ Քաշաթաղի շրջանում հայտնաբերել է մինչ այսօր անհայտ վեց ամրոցներ: Թե ինչ ամրոցներ են դրանք և ինչպես են հայտնաբերվել karabakh-open.info-ն ճշտել է հենց հնագետից:
-Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց գտնել այդ ամրոցները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե դուք, և թե տեղի բնակչությունը բավականաչափ ծանոթ չեք պատմական միջավայրին:
-Անկեղծ ասած, Քաշաթաղի շրջանն ինձ այնքան էլ անծանոթ չէ: Սկզբնապես ես ծանոթացել եմ մեզանից առաջ շրջանի տարածքում կատարված բոլոր հնագիտական հետախուզական աշխատանքների արդյունքներին, որոշ հուշարձաններ ինձ անձամբ տարել-ծանոթացրել է տարածաշրջանի պատմության և հուշարձանների լավագույն մասնագետ, Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Ալեքսան Հակոբյանը, ինձ մշտապես ուղեկցում են շրջանի հուշարձաններին լավատեղյակ մարդիկ, ինչպիսիք են շրջանային թերթի խմբագիր Զորիկ Ըռքոյանը, շրջանի հուշարձանների պասպորտավորումն իրականացնող, ներկայումս մշակույթի փոխնախարար՝ Լեռնիկ Հովհաննիսյանը և այլ մասնագետներ: Բայց այս ամրոցների գոյությանը նույնիսկ նրանք անտեղյակ էին: Ասեմ, որ այս հարցում մենք հույս չենք էլ դրել տեղի բնակչության վրա, քանի որ իրենց գյուղի /նաև Միրիկ գյուղում/ բլրի վրա նստած ամրոցի մասին իրենք իմանում են մեզանից:
Հետաքրքիրն այն է, որ այս ամրոցները բացահայտվել են «Google earth» համակարգի տիեզերական լուսանկարներով: Մանրամասն զննելով տարածքի տիեզերքից արված պատկերները և մասնագիտական աչքով տարազատելով բնական ժայռագծերն, անասնափարախները, հին ու նոր ճանապարհները, քարհանքները, արհեստական ու բնական հրվանդանները, դիտարկելով ռելիեֆի ու ջրային ցանցի առանձնահատկություններն առանձնացվել են այն բարձունքները, որտեղ տեսականորեն կարող են լինել ամրոցներ: Ամրոցները հենց այնպես չեն կառուցվում պատահական բլրի վրա: Նրանց տեղադրությունը թելադրված էր իր ժամանակի տրամաբանությամբ ու ռազմական արվեստի պահանջներով:
Կարծում եմ պետք է մեր ժողովուրդը լավագույնս տեղեկացված լինի իր պատմական ժառանգության մասին, քանզի հուշարձանը համազգային արժեք է, նրա սեփականատերը ժաղովուրդն է ի դեմս իր ազգային պետության:
Միրիկ ամրոցը գտնվում է Միրիկ գյուղի արևմտյան եզրին բարձրացող, Սյունյաց լեռնաշղթայից իջնող և Աղավնո գետի աջ ափին հանգչող երկար լեռնաբազուկի ծայր արևմյան եզրին: Բլրի գագաթին տեղադրված է միջնաբերդը, իսկ բուն բնակատեղին տարածվում է բարձրունքի հարավային լանջին հասնելով մինչև Միրիկ գյուղի եզրը: Միջնաբերդի ընդհանուր երկարությունը մոտ 200 մ է, լայնությունը՝ 30-50 մ: Այն զբաղեցնում է բլրի գագաթը և նրա հիմնական՝ արևելյան հատվածը նստած է ամենաբարձր, արհեստականորեն հարթեցված, հատակագծում էլիպսաձև 80X50 մ չափերով տափարակի վրա և բոլոր կողմերից պաշտպանված է մեծածավալ ճեղքած, անմշակ բազալտե ժայռաբեկորներից չոր շարվածքով դրված կիկլոպյան պարիսպով:
Այս հատվածին է միանում միջնաբերդ եկող ճանապարհը, որը գալիս է միջնաբերդի հարավային պարսպագծի տակով, մեկ դարավանդ ներքև և գնալով մոտ 150 մ մտնում է հիմնական հատված երկու կողմերից պատերով եզերված կարճ միջանցքով: Միջնաբերդի կենտրոնական հատվածի արևմտյան կողմում դրված է մոտ 7-8 մ տրամագծով կլոր աշտարակ, որի պատի հաստությունը 3 մ է: Այն կազմում է միջնաբերդի դղյակի մի մասը: Այն զբաղեցնում է հիմնական հատվածի արևմտյան կողմը և արտահայտվում է կողքի վրա ցից կանգած քարերից շարված պատերով կազմված մի բազմասենյականոց համալիր: Վերջինիս դիմացը բացվում է բաց հրապարակ:
Կենտրոնական հատվածից արևմուտք գնում է մոտ 30 մ երկարությամբ, պարիսպներով պաշտպանված տարածք, որն ավարտվում է մեծ, մոտ 15 X 20 մ չափերով ուղղանկյուն հզոր աշտարակով: Այն կառուցված է նույն կիկլոպյան շարվածքով, պահպանվել է մինչև 3-4 մ բարձրությամբ, իսկ պատերի լայնությունը 2,5 մ է: Աշտարակին արևմուքից կցված է մի ոչ մեծ սենյակ, որի մուտքը բացվում է դեպի միջնաբերդի կենտրոնական հատված տանող ճանապարհը: Ամրոցանիստ բլրի հարավային զառիթափ լանջը պատված է պարիսպ-հենապատերով կազմակերպված բազմաթիվ արհեստական դարավանդներով, որոնց վրա պահպանված կառուցապատման հետքերը, հուշում են, որ այստեղ է եղել բուն բնակավայրը: Հենապատերը շարված են նույն տեխնիկայով և պահպանվել են մինչև 5 մ բարձրությունը:
Հարավային լանջի արհեստական դարավանդներից մեկում բացվում է միջնաբերդի ստորգետնյա մուտքը: Այն իրենից ներկայացնում է երեք միակտոր քարերից դրված 1 x 1 մ չափերով մուտք, որն իջնելով մոտ 3-4 մ փակվում է փլուզվածքներով: Մուտքը, ամենայն հավանականությամբ, քողարկված է եղել դիմացը ընկած մեծ տափակ սալով: Բնակատեղից ներքև տարածվել է դամբարանադաշտը, որի հետքերը մակերեսին վերացվել են, բայց ցայտուն երևում են բլրի ստորոտով անցկացված ջրատարի խրամատի կտրվածքում: Ամրոցում և կիսավեր դամբարաններից հայտնաբերված խեցեղենը վերաբերվում է միջին և ուշ բրոնզի դարաշրջանին: Կան նաև վաղ երկաթի նմուշներ:
Եզնագոմեր ամրոցը գտնվում է Եզնագոմեր գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք, Հակ գյուղից 4 կմ հյուսիս, ընդարձակ սարահարթի հյուսիսային եզրագծին բարձրացող ու շրջապատի վրա գերիշխող հարթ մակերեսով բարձրադիր բլրի գագաթին: Հայաստանի ամենամեծ կիկլոպյան ամրոցներից է, որի պարսպապատով ներփակվող տարածքի երկարությունը 280 մ է, իսկ լայնությունը՝110 մ: Այն ամբողջ պարագծով ամրացված է մեծածավալ ճեղքած ժայռաբեկորներից չոր շարվածքով դրված, և մինչև 4-5 մ բարձրությամբ պահպանված պարսպաշարերով: Պարիսպը գնում է բնական ժայռագծի ուղղությամբ, հաճախ նրա վրայով այնպես, որ տեղ տեղ ժայռագծի ուղղահայաց կտրված ճակատը օգտագործված է որպես պարսպի ճակատ:
Ամրոցի ներսում երևում են նմանատիպ շարվածքով եզերված ընդարձակ հատվածներ: Հստակ ուրվագծվում է ամրոցի գլխավոր մուտքը, որը մոտ 50-60 մ երկարությամբ, երկու կողմերից պատաշարերով ներփակված միջանցքի տեսքով միանում է հիմնական պարսպին արևմուտքից: Հիմնական պարսպագծից դուրս նկատվում են բազմաթիվ մեծ ու փոքր սենյակներ և պատաշարերով եզերված մեծ հատվածներ: Տեղանքն անտառազուրկ է և պատված փարթամ խոտածածկույթով: Վերգետնյա խեցեղեն չի հայտնաբերվել, բայց դատելով շարվածքից հուշարձանը կարելի է թվագրել ք.ա. 2-1 հազարամյակներով:


