.jpg)
Ռուսաստան ներկրվող մսի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերել
ՌԴ-ի «Ռոսսելխոզնադզորը» Բրազիլիայից ներկրվող սառեցված և պահածոյացված տավարի մսի մեջ հայտնաբերել է աղիքային ցուպիկ, իսկ թռչնամսի մեջ` սալմոնելլայի հարուցիչ: Հաղորդում է «Վեստին»:
Աղիքային ցուպիկը հայտնաբերել են նաև Բելորուսից ներկրված ապխտած մսի և կաթնաշոռի մեջ և Նիդեռլանդներից ներկրված պանրի մեջ: Բացի այդ, ԱՄՆ-ից ներկրված թռչնամիսը և ձուկը, Նոր Զելանդիայից ներկրված ոչխարի միսը նույնպես վարակված են եղել:
Անբարեխիղճ արտադրողների հանդեպ կխստացվի լաբորատոր հսկողությունը: «Ռոսսելխոզնադզորը» զգուշացրել է այդ երկրների անասնաբուժական ծառայություններին նման խախտումների անթույլատրելիության մասին:
Նշենք, որ Հայաստանը Բրազիլիայից ներկրում է թռչնամիս և տավարի միս: Բելոռուսից մեր երկիր ներկրվում է երշիկեղեն, մասավորապես ապխտած միս, ԱՄՆ-ից՝ մեծ քանակությամբ թռչնամիս:
Aysor.am-ի հետ զրույցում Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ Ռուսաստանում ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում, բացի սահմանային հսկիչ կետերում ստուգումներից, պարբերաբար ստուգումներ են իրականացնում երկրի լաբորատորիաներում:
Նրա փոխանցմամբ, ՀՀ-ն պարբերաբար ստուգումներ չի իրականանցում, Սննդի անվտանգության պետական ծառայությունում «սպասում են, որ ինչ-որ արտակարգ իրավիճակ լինի, հետո անդրադառնան»: