.jpg)
Փորձագետ. Մոնոպոլիայի համար մեղավոր են ոչ թե անձինք, այլ` համակարգը
«Մեր երկրում գոյություն ունի Մրցակցության պաշտպանության մասին օրենք, բայց չկա հակամենաշնորհային օրենք, եթե խնդիրը դիտարկում ենք մրցակցության պաշպանության տեսանկյունից, ենթադրում է մենաշնորհային տնտեսություն»,- լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Հայաստանում, նրա խոսքով, ներմուծման մոնոպոլիաներ են, իսկ եթե ներմուծելու մոնոպոլիայից անցում կատարվի արտահանելու մոնոպոլիա, ապա տնտեսությունը կզարգանա. «Պետք է գաղափարական կողմը փոխել այնպես, որ ներքին մոնոպոլիաները արտաքին դաշտ տեղափոխվեն: Մեր մոնոպոլիաները հակազդող ուժ կարող են լինել դրսի հզոր ֆիրմաների դեմ: Խնդրին պետք է նայել ոչ միայն ներմուծման, այլև` արտադրական ոլորտի մոնոպոլիաների տեսանկյունից»:
Ասուլիսին մասնակից Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ իր հերթին ասաց` վաղուց ժամանակն է, որ ակտիվ հասարակական օղակները սկսեն պայքարել Հայաստանում մոնոպոլիաների դեմ:
«Այն փողերը, որ կուտակվում են մի խումբ մոնոպոլիստների մոտ, անմաքուր փողեր են, որովհետև դրանք մյուս քաղաքացիների հաշվին են կուտակվել»,- ասաց մասնագետը:
Նա միևնույն ժամանակ կարծում է, որ մեղավոր են ոչ թե անձերը, այլ` համակարգը: «Սամվել Ալեքսանյանը, ինքը որպես անձ, մեղավոր չէ: Այն գումարները, որոնք յուրաքանչյուր վայրկյան կուտակվում են, դրանք կառավարվող գումարներ չեն, և դեռ ավելին, այդ նույն Սամվել Ալեքսանյանների նմաններին կառավարող գումարներ են, նրանք մեղք են, նրանց պետք է օգնել»,- եզրափակեց խոսքը Խ. Մարոզյանը: