.jpg)
ԱՄՆ-ն վաղը կվերաբացի Մերձավոր Արևելքում գործող իր դեսպանատները
ԱՄՆ-ն օգոստոսի 11-ին վերաբացելու է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ժամանակավոր փակված 19 դեսպանատներից 18-ը: Պետդեպարտամետը հայտարարել է, որ փակ են մնալու միայն Եմենի մայրաքաղաք Սանայում գործող դեսպանատունը և Պակիստանի Լահոր քաղաքի հյուպատոսարանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյն Պսակիի խոսքով, Եմենում դեռ պահպանվում է «Ալ-Կաիդայի» կողմից հարձակումների վտանգը: Դեսպանատան բացման ժամկետը հայտարարվելու է ավելի ուշ:
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իր դիվանագիտական հաստատությունները ժամանակավոր փակելու մասին հայտնել էր օգոստոսի 1-ին: Ըստ նախնական պայմանավորվածության՝ դեսպանատները փակվելու էին մեկ օրով, սակայն նախօրեին հայտարարել էին, որ դրանք փակ կմնան մինչև օգոստոսի 10-ը: ԱՄՆ-ի օրինակին հետևեցին նաև մի շարք եվրոպական երկրներ: Պատճառը «Ալ-Կաիդայի» երկու առաջնորդներ՝ Այման Ալ-Զավահիրիի և խմբավորման եմենյան թևի ղեկավար Նասեր Ալ-Վուհայշիի խոսակցությունն էր՝ ինչ-որ օբյեկտի կամ օբյեկտների վրա հարձակում իրականացնելու վերաբերյալ: