.jpg)
Թուլացող «ալ-Կաիդայի» ավելացող սպառնալիքները
Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից օգոստոսի սկզբին հայտնաբերված «ալ-Կաիդայի» առաջնորդների միջև տեղի ունեցած հաղորդագրություններում խոսք է գնում 2001 թ-ի սեպտեմբերի 11-ից առավել ազդեցիկ և հուժկու ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին: Այս հաղորդագրություններն անհանգստացրել են ԱՄՆ-ին և մի քանի արևմտյան երկրներին, որոնք մեկը մյուսի ետևից փակում են իրենց դեսպանատներն ու հյուպատոսարաններն Աֆրիկայում և Ասիայում:
Այս զարգացումներին հաջորդեց Վաշինգտոնում կազմակերպված մամլո ասուլիսը, որի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծիք հայտնեց, որ «ալ-Կաիդա» իսլամական ծայրահեղական կազմակերպության դիրքերը թուլացել են, սակայն այն դեռևս լուրջ վտանգ է իրենից ներկայացնում` հավելելով նաև, որ իսլամականները հնարավորություն ունեն հարձակվել ամերիկյան դեսպանատների և ձեռնարկությունների վրա` խարխլելով տարածաշրջանային կայունությունը:
2001 թ-ի սեպտեմբերի 11-ից հետո ընդդեմ «ալ-Կաիդայի» սկսված արշավը թուլացրեց կազմակերպության դիրքերը` ստիպելով կառույցի ղեկավարությանը «ալ-Կաիդայի» ճյուղավորումներ ստեղծել` հիմնելով լոկալ բջիջներ աշխարհի տարբեր հատվածներում:
2001 թ-ին կոալիցիոն ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական պայքարն ու դրան հաջորդած Աֆղանստան ներխուժումը մեծ հարված հասցրեցին «ալ-Կաիդայի» և նրան հարող իսլամական ուժերին, սակայն 2003 թ-ին սկսված իրաքյան պատերազմն ու դրան հաջորդած զարգացումները նպաստավոր պայմաններ ստեղծեցին Ուսամա բեն Լադենի կազմակերպության համար` տարածելու սեփական մեկնաբանությամբ ջիհադի գաղափարախոսությունը, դրան հաղորդելով գլոբալ բնույթ:
Արդեն այդ ժամանակվանից «ալ-Կաիդայի» և նրան հարող իսլամական ծայրահեղական կառույցների կողմից իրականացվող ջիհադական պայքարի թիրախավորման տակ ընկան առավելապես մուսուլմանական անհավատ վարչախմբերը, մուսուլմանական երկրներում տեղակայված արևմտյան կոալիցիոն ուժերի տեղակայման վայրերը և այլն, իսկ ջիհադականների ակտիվությունն իսլամական տարածաշրջաններից դուրս երկրորդ պլան մղվեց` լավ գիտակցելով 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ դեմ իրականացրած աննախադեպ ահաբեկչական գործողություններից հետո ծավալված միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բացասական նշանակությունը իսլամական ծայրահեղական ուղղությունների, հատկապես «ալ-Կաիդայի» վրա:
2006-2007 թթ-ը դարձան իսլամական ծայրահեղական ակտիվության և ահաբեկչական գործողությունների իրականացման բարձրակետը, որոնց պլանավորման և իրականացման ամենաբարձր ցուցանիշը նկատվեց Իրաքում և Աֆղանստանում:
Հետսադամյան Իրաքում տեղի շիական վարչախմբի և այստեղ տեղակայված կոալիցիոն ուժերի դեմ «ալ-Կաիդայի», հատկապես այդ կառույցի իրաքյան մասնաճյուղի` «ալ-Կաիդան Իրաքում» կազմակերպության կողմից իրականացվող պայքարի արդյունքում ավելացավ ջիհադական պայքարին մասնակցելու ցանկություն ունեցող իսլամականների քանակը: Դրան զուգահեռ ավելացավ ջիհադականների մարտունակությունը, որն այժմ հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր հատվածներում, հատկապես Սիրիայում:
Այժմյան իսլամական ծայրահեղական ակտիվության հետևում կանգնած են հիմնականում «ալ-Կաիդայի» ճյուղավորումները հանդիսացող զանազան իսլամական խմբավորումները, որոնք անկախ են իրենց ռազմավարական և մարտավարական գործունեության մեջ:
Ամերիկյան հատուկ ստորաբաժանումների կողմից 2011 թ-ի մայիսի 2-ին «ալ-Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունը մեծ հաշվով չկազմալուծեց կառույցի դիրքերը: Սպանությունից հետո «ալ-Կաիդա»-ի ղեկավարումը ստանձնեց եգիպտացի Այման ազ-Զաուահիրին, ով լավ է պատկերացնում ստեղծված իրավիճակը, հատկապես 2010 թ-ից սկսված «Արաբական գարնան» համատեքստում, և համացանցում տարածվող ուղերձներով և հաղորդագրություններով ակտիվ է պահում ջիհադական ներուժը (այստեղ տեղին է հիշել այս տարվա հունիսի 5-ին ազ-Զաուահիրիի կողմից համացանցում տարածված մոտ 20 րոպեանոց ձայնագրությունը, որտեղ հստակ քննադատություն է հնչում մուսուլմանական որոշ երկրներում իշխանության եկած իսլամական արմատական ուժերի, հատկապես «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության դեմ, որին հաջորդեց այդ կազմակերպությունը ներկայացնող Մուհամմադ Մուրսիի վարչախմբի տապալումը):
Վերջին շրջանում «ալ-Կաիդան» վերածվել է բավական արդյունավետ ղեկավարվող, լավ կազմակերպված, ֆինանսավորվող և տեխնիկապես և ֆիզիկապես պատրաստված կառույցի (այդ մասին են խոսում աշխարհի տարբեր հատվածներից մուսուլմանների արձագանքն իսլամական ծայրահեղականների ջիհադի կոչին, կարճ ժամանակում դեպի Սիրիա մեծ թվով իսլամականների տեղափոխման կազմակերպումը, մի տարածաշրջանից այլ տարածաշրջան իսլամականների արագ տեղափոխումն ու մոբիլիզացիան և այլն):
Ներկայումս արևմտյան ուժերի կողմից հակաահաբեկչական գործողությունների համատեքստում իրագործվող պայքարում լայնորեն կիրառվում են անոդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), հրթիռային հարվածների և հատուկ ստորաբաժանումների ծառայությունները. այս ուղղությամբ ԱՄՆ-ն լուրջ քայլեր է ձեռնարկում, և այդ չդադարող հարձակումների արդյունքում լուրջ վնաս է հասցվում տարբեր հատվածներում տեղակայված իսլամական ծայրահեղականների ենթակառուցվածքներին, նրանց ղեկավար շրջանակներին, սակայն ամբողջությամբ խալխլել ծայրահեղականների հաղորդակցությունն ու նրանց միջև գոյություն ունեցող կապերը չի հաջողվում, որի արդյունքում ամերիկյան իշխանությունները ստիպված են փակել մի շարք երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները:
Իրականությունն այն է, որ մենք գործ ունենք փոփոխության ենթարկված, առավել ուժեղացած և արդյունավետ գործող «ալ-Կաիդայի» հետ, և իրականացվող հակաահաբեկչական պայքարում պետք է հաշվի առնել այս բոլոր հանգամանքները: