.jpg)
Թուրքիան մանևրում է զարգացումների վատ և ավելի վատ տարբերակների միջև
Օրերս, միաժամանակ մի քանի աղբյուրների հաղորդմամբ, 150-200 թուրք զինվորներ հատել են թուրք-սիրիական սահմանը՝ Հալեպից հյուսիս՝ Քիլիս-Ազազ սահմանային անցակետի շրջանում: Թուրք զինվորները հանդերձավորված են եղել իսլամական բրիգադներից մեկի համազգեստով: Նրանք տեղակայվել են Բանի Զայիդ թաղամասում՝ Հալեպի քրդաբնակ շրջանների հարևանությամբ: Տեղական աղբյուրների հավաստմամբ՝ թուրքական միավորումների նպատակը «Ջաբհաթ Ան-Նուսրայի» խմբավորումների կազմում քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ պայքարելն է:
Գրեթե նույն օրերին՝ անցյալ շաբաթվա վերջին, Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հանդես եկավ հայտարարությամբ՝ խոստանալով գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու համար Սիրիայի քրդերին իսլամականների հնարավոր հարձակումներից: Իսկ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իրաքյան քրդերը իրաք-սիրիական սահմանին են կենտրոնացրել 8 զորամիավորում և զրահատեխնիկա:
Իրաքյան Քուրդիստանի առաջնորդի հրամանով՝ նաև կազմավորվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվի քրդերի դեմ կիրառված բռնարարքների հետաքննությամբ, և, ինչպես Բարզանին էր նշել՝ «եթե ԶԼՄ-ների հաղորդած տեղեկատվությունը հաստատվի, ապա Իրաքյան Քուրդիստանը ունի լավ զինված բանակ և պատրաստ է միջամտելու՝ ահաբեկիչներից պաշտպանելու Արևմտյան Քուրդիստանի անմեղ կանանց և երեխաներին»: Խոսքը վերջին օրերին Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում խաղաղ քուրդ բնակչության վրա ծայրահեղական խմբավորումների հարձակումների մասին է. հատկապես օգոստոսի 6-ին իսլամականները Առ-Ռաքայի նահանգի Թալ Աբյադ շրջանում կոտորել են 330 կանանց, ծերերի և 120 երեխաների:
Իհարկե, Իրաքի քրդերի առաջնորդի հայտարարությունն առավելապես պետք է դիտարկել բարոյահոգեբանական հարթության մեջ, քանի որ ակնհայտ է՝ նույն Բարզանին գտնվում է լուրջ ճնշման տակ իր ցեղակիցների, քաղաքական դաշնակիցների և հակառակորդների կողմից: Եվ, իհարկե, ուղղակի ռազմական միջամտության դիմելը նրա կողմից չափազանց պատասխանատու քայլ է և հղի է լուրջ ու անկանխատեսելի հետևանքներով ինչպես Սիրիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար. անհերքելի է, որ նման քայլը կարող է կտրուկ հակազդեցության արժանանալ մի կողմից տարածաշրջանային մի շարք տերությունների, մասնավորապես Թուրքիայի, Իրանի, մյուս կողմից՝ հենց Իրաքի, ու ՍԱՀ իշխող վարչակարգերի կողմից:
Միևնույն ժամանակ, նման հայտարարությունը, այն էլ օգոստոսի 24-ին Էրբիլում կայանալիք պատմության մեջ առաջին Համատարածաշրջանային քրդական կոնգրեսի նախաշեմին, կարող է հանգեցնել նաև քրդերի շրջանում հակաթուրքական տրամադրությունների աճին: Ջարդերը, որոնք իրականացնում են իսլամականները, քուրդ ազգաբնակչության դեմ՝ հատկապես թուրքական իշխանությունների լռության, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անթաքույց աջակցության պայմաններում, լայն արձագանք են ստացել Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքներում:
Հետևաբար, ստեղծված իրավիճակը բավականին մտահոգիչ է Անկարայի համար: Փաստորեն Էրդողանի կառավարությանն այդպես էլ չհաջողվեց կանխել սիրիական ճգնաժամին սեփական միջամտության հիմնական դրդապատճառներից՝ քրդական հիմնախնդրի սրացումը, Սիրիայի հյուսիսային հատվածում քրդական ինքակառավարման բացառումը: Ի սկզբանե, թուրքական իշխանությունները փորձեցին յուրովի՝ քաղաքական ճանապարհով վերահսկողություն հաստատել, ինչու ոչ՝ շահել Սիրիայի քուրդ ազգաբնակչության, քաղաքական ազդեցիկ ուժերի համակրանքը՝ բավականին ծանրակշիռ ներկայություն տրամադրելով քրդերին թուրքական հովանու ներքո գտնվող սիրիական ընդդիմադիր կառույցների կազմում: Ավելին, անցյալ երկու տարվա ընթացքում տասնամյակներ շարունակ Արևմուտքում ապրած ագությամբ քուրդ տեխնոկրատներին վստահվեցին պատասխանատու պաշտոններ Թուրքիայի ազդեցության տիրույթում գտնվող սիրիական ընդդիմադիր կառույցներում, ովքեր այդպես էլ լուրջ ժողովրդականություն ձեռք չբերեցին անգամ Սիրայի քրդերի շրջանում. Սիրիական ազգային խորհրդի երկրորդ ղեկավարն՝ Աբդ Ալ-Բասիտ Սիդան ազգությամբ քուրդ էր: Քուրդ էր նաև սիրիական ընդդիմության ազգային կոալիցիայի կողմից ընտրված անցումային կառավարության՝ մինչև այժմ միակ պաշտոնաթող վարչապետը՝ Ղասան Հիթուն, ում այդպես էլ չհաջողվեց կառավարություն ձևավորել:
Այսպիսով, Անկարան այսօր հայտնվել է չափազանց կարևոր երկընտրանքի առջև՝ մանևրելով իրադարձությունների զարգացման վատ և ավելի վատ սցենարների միջև: Թուրքական իշխանությունները մի կողմից ստիպված են աչք փակել, չմիջամտել գործընթացներին և աստիճանաբար հաշտվել թեկուզ ժամանակավոր քրդական ինքնավարության կայացմանը: Մյուս կողմից, Էրդողանի կառավարությունը, աջակցելով սիրիական վարչակարգի դեմ պայքարող ծայրահեղական խմբավորումներին, որոնք անթաքույց պատերազմ են հայտարարել քրդական ինքնապաշտպանական ուժերին, վայրագություններ են գործում խաղաղ քուրդ բնակչության նկատմամբ՝ նպատակ ունենալով Հյուսիսային Սիրիայում ստեղծել սեփական իսլամական պետությունը, դրանով իսկ իրենց դեմ են տրամադրում տարածաշրջանի բոլոր քրդերին՝ սպառնալիքի տակ դնելով այս տարվա մարտից սկիզբ առած քրդական հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը նաև հենց Թուրքիայի ներսում (ի դեպ, այդ գործընթացն տևական ժամանակ օբյեկտիվորեն արգելակվել է), ինչպես նաև վտանգում են Իրաքյան Քուրդիստանի հետ հաստատված ռազմավարական հարաբերությունները:
Շարադրանքի առաջին հատվածը վկայում է, որ Թուրքիան ընտրել է իրադարձությունների զարգացման ավելի վատ տարբերակը՝ ուղղակիորեն աջակցելով իսլամականներին:
Հ.Գ. Ներկայում միակ շրջահայաց տարբերակն Անկարայի համար՝ հնարավորինս արագ նպաստել իսլամականների և քրդերի միջև համաձայնության կայացմանը. վերոնշյալը թեկուզ միջանկյալ քայլ է, սակայն գոնե առժամանակ հնարավորություն կընձեռի՝ սառեցնել առկա իրավիճակը: