Օզբիլիս. «Ինձ թվում է` ամբողջ Մոսկվան է երկրպագում «Սպարտակին»
13/08/2013 19:48

Օզբիլիս. «Ինձ թվում է` ամբողջ Մոսկվան է երկրպագում «Սպարտակին»

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը chempionat.com-ին տված հարցազրույցում խոսել է «Կուբանից» «Սպարտակ» տեղափոխության և մի շարք այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

- Արազ, թիմերից շատերում նորեկների համար ավանդույթներ կան` երգել, պարել… «Սպարտակում» կա՞ն նման ավանդույթներ:
- Մշակութային միջոցառումների մասին տեղյակ չեմ, բայց ինձ արդեն ասել են, որ նորեկները բոլորին պետք է ռեստորան հրավիրեն: Դեռևս ժամանակ չենք ունեցել դա կազմակերպելու, սակայն հավաքականում գործերս ավարտելուց և թիմ վերադառնալուց հետո «Սպարտակի» ողջ անձնակազմին կհրավիրեմ ռեստորան` ընթրիքի:

- Ձեր տրանսֆերի շուրջ խոսակցությունները շատ էին: Ճի՞շտ է, որ սկզբում հակված էիք «Մոնակո» տեղափոխվելու տարբերակին:
- Այո, ինչ-որ շրջանում իսկապես ցանկանում էի տեղափոխվել «Մոնակո», բայց հայտնվեցի «Սպարտակում»:

- Ի՞նչն էր պատճառը: Ֆուտբոլիստները սովորաբար ասում են, որ այն թիմը, որտեղ տեղափոխվել են, մյուսներից ավելի համառ է գտնվել:
- Չեմ կարծում, որ այդպես է: Պարզապես «Մոնակոն» նոր թիմ է կառուցում և ձգտում է գնել աստղային ֆուտբոլիստների: Հաշվի առնելով այս ամենը եկա այն եզրակացության, որ ավելի լավ է ընտրեմ մարզական կարիերաս «Սպարտակում» շարունակելու տարբերակը:

- Ճի՞շտ է, որ Ձեր ծառայություններով հետաքրքրված էին նաև «Դինամոն» ու «Լոկոմոտիվը»:
- Այո, ամեն ինչ ճիշտ է, սակայն ես ընտրել եմ «Սպարտակը» և գոհ եմ իմ ընտրությունից: Գիտեմ, որ մոսկովյան այս ակումբն ամենատիտղոսակիրն ու ամենահեղինակավորն է Ռուսաստանում: Երկրպագուները հիանալի աջակցում են թիմին թե տնային, թե արտագնա խաղերում:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի այն հայտարարությունը, որ Ձեր տրանսֆերային իրավունքի որոշակի մասն իրեն է պատկանում:
- Բոլոր հարցերն ուղղեք նրան: Այս հարցի վերաբերյալ ասելիք չունեմ:

-Կարծիք կա, որ «Այաքսի» մարզադպրոցի սանը չպետք է ընտելանալու խնդիր ունենա Վալերի Կարպինի 4-3-3 մարտավարության հետ: Ամեն դեպքում, դա այդպե՞ս է:

- Ընդհանուր առմամբ, 4-3-3 մարտավարության ֆուտբոլային փիլիսոփայությունն ինձ մոտ է և հասկանալի: Սակայն, յուրաքանչյուր մասնագետ ունի ֆուտբոլի իր տեսությունը: Այդ պատճառով էլ որոշ տարբերություններ կան: Բայց ընդհանուր մարտավարությունը նույնն է, որը մեծապես նպաստում է իմ հարմարվելուն:

- Երկրպագուներին ուրախացնում են Ձեր հեռահար հարվածները: Ինչո՞ւմն է գաղտնիքը:

- Այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Առաջին հերթին`դա Աստծո պարգև է, բայց այն ավելի կատարելագործում եմ մարզումների ժամանակ: Երիտասարդական թիմերում երկար մարզվում էի տուգանային հարվածներ իրացնելու վրա, չնայած այդ ժամանակ հաճախ գնդակը դիպչում էր դարպասաձողին: Բայց ժամանակի ընթացքում տեխնիկապես աճեցի և հիմա հարվածում եմ ոչ միայն տուգանայինից, այլ նաև գնդակը կախում եմ դարպասապահի գլխավերևով:

- Ֆրանց Բեկենբաուերն ասել է, որ ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված գնդակները ֆուտբոլիստներին հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ իրացնել տուգանային հարվածները: Փորձե՞լ եք հարվածներ կատարել ավելի հին գնդակների միջոցով:

- Չեմ փորձել և, անկեղծ ասած, իմաստ էլ չեմ տեսնում: Բացի այդ, Բեկենբաուերի խաղային տարիներին էլ եղել են բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր հիանալի են իրացրել ստանդարտ իրավիճակները: Այնպես որ, գլխավորը ֆուտբոլիստի որակներն են: Եթե գաղտնիքը ժամանակակից գնդակներն են, ապա ինչու՞ բոլորին չի հաջողվում դիպուկ իրացնել հեռահար հարվածները:

- Սպասվում է, որ Դուք կդառնաք «Սպարտակի» հաստիքային տուգանային իրացնողը: Այդ հարցը քննարկվում է թիմո՞ւմ, թե՞ միայն գլխավոր մարզչի հետ:
- Միայն գլխավոր մարզիչն իրավունք ունի որոշել, թե ով և երբ պետք է իրացնի տուգանային հարվածները: Մեր թիմում բավական շատ են անհատ կատարողները: Բացի այդ լինում են դեպքեր, երբ ֆուտբոլիստը վստահություն է զգում և հենց ինք է իրացնում հարվածները:

- Պրեմիեր լիգայի 4 տուրից հետո «Սպարտակը» գլխավորում է մրցաշարային աղուսյակը: Ինչի՞ շնորհիվ կկարողանա նվաճել Ռուսաստանի չեմպիոնի կոչումը:

- Իմ նոր թիմը էականորեն տարբերվում է «Կուբանից»: Եթե կրասնոդարյան ակումբը նոր էր կազմավորվում, ապա «Սպարտակն» անցել է այդ փուլը և մշտապես լուրջ խնդիրներ է դնում իր առջև: Գիտեմ, որ թիմը վերջին անգամ չեմպիոն է հռչակվել 2001 թվականին և բոլոր սպասում են հերթական նվաճմանը: Սակայն, մենք պետք է խնդիր դնենք ոչ թե դառնալ Ռուսաստանի չեմպիոն, այլ ամեն հանդիպումից առաջ մտածել տվյալ խաղում հաղթելու մասին: Այդպես մենք կկարողանանք հասնել մեր նպատակներին:

- Մոսկվայում փորձե՞լ եք ղեկին նստել:
- Այո, ես կարողանում են ինքնուրույն մեքենա վարել: Ես լավ վարորդ եմ, ուստի ոչ մի խնդիր չեմ ունենում: Ինձ արդեն ասել են, որ ձմռանն այստեղ մեքենա վարելը շատ ավելի բարդ է, սակայն դա ինձ չի վախեցնում:

- Դուք արդեն որոշե՞լ եք, թե Մոսկվայում որտեղ եք ապրելու: Կարծես թե ընտրել եք Սոկոլնիկին:
- Չեմ ասի ոչինչ: Հակառակ դեպքում հյուրերից ազատվել չի լինի:

- Դուք տեղյա՞ք եք, որ Սոկոլնիկին սպարտակյան պատմական շրջան է Մոսկվայում:
- Այդ մասին չգիտեի, սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե միայն առանձին շրջանները, այլ ամբողջ Մոսկվան է երկրպագում «Սպարտակին»:
 

Օզբիլիս. «Ինձ թվում է` ամբողջ Մոսկվան է երկրպագում «Սպարտակին»