Գյուղնախարարությունը լծակ չունի ազդելու դեղձի գնի վրա
13/08/2013 19:33

Գյուղնախարարությունը լծակ չունի ազդելու դեղձի գնի վրա

Հանրապետությունում շարունակվում է դեղձի մթերումը: Այսօրվա տվյալներով Տավուշի մարզում վերամշակող կազմակերպությունները մթերում են մրգի կիլոգրամը 50 դրամով, իսկ Արարատյան դաշտավայրում` 40 դրամով: Այս մասին Aysor.am-ին փոխանցեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Մինչև այսօր մթերվել է 54 տոննա դեղձ, 430 տոննա՝ արտահանվել է: Տավուշի մարզում մթերումն իրականացնում է Արտաշատի պահածոների գործարանը` Այրումի գործարանի տարածքում, իսկ Արարատյան դաշտավայրում` «Նոյան» ընկերությունը:

Հարցին, թե ինչու Այրումի պահածոների գործարանը չի մթերում, փոխնախարարը պատասխանեց, որ Այրումի գործարանի արտադրական հզորությունները մեծ են, այդ ծավալի դեղձ չկա և սեփականատերերը աննպատակահարմար են գտել Տավուշում մթերել. Դեղձը տեղափոխվում է Արտաշատի պահածոների գործարան:

Օգոստոսի 25-ից դեղձ կմթերի նաև Արարատի սննդի կոմբինատը, մթերում իրականանցում են մի քանի փոքր ընկերություններ ևս:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա Ռ. Մակարյանը նշեց, որ արտահանվող դեղձի մեկ կգ-ն 100-125 դրամ է, իսկ դիտարկմանը, թե գյուղացիները բողոքում են և մթերվող և արտահանվող դեղձի ցածր գներից, փոխնախարարը շեշտեց. «Մենք գնի հարցում լծակ չունենք ազդելու, գյուղացիների և վերամշակողների պայմանվորվածությունը պետք է լինի փոխշահավետ. Երկուսն էլ մասնավոր են»:

Փոխնախարարը հավելեց նաև, որ 2012թ.-ին ևս նույն գների շրջանակներում էր իրականանցվել մթրումը, նաև հիշեցրեց, որ վերամշակողները հիմնականում ընդունում են վատորակ դեղձ, նաև Արմավիրի մարզի վնասված դեղձն է մթերվում:

Ռոբերտ Մակարյանը այս տարվա դեղձի ծավալների վերաբերյալ կանխատեսումներ չարեց. Արդյունքներն ավելի ուշ պարզ կլինեն:
 

Գյուղնախարարությունը լծակ չունի ազդելու դեղձի գնի վրա