Թիվ 38 ընտրատարածքի թեկնածու. Խաղատուն չեմ մտնում, որ ընտրագրավ վճարեմ
14/08/2013 18:40

Թիվ 38 ընտրատարածքի թեկնածու. Խաղատուն չեմ մտնում, որ ընտրագրավ վճարեմ

«Ազգային ժողովում թափուր տեղ կար, որոշեցի իմ մոտեցումներով, իմ աշխարհընկալմամբ լրացնդել այդ տեղը»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով թիվ 38 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրումը, ասաց նախագահի նախկին թեկնածու, անկուսակցական Պալիկ Սարգսյանը:

Թեկնածուն հաղթելու հավանականություն չգնահատեց` հույսը դնելով թվեարկողի վրա:

Դիտարկմանը, թե իր աղմկահարույց պատմություններով հայտնի Սյունիքում ինչպե՞ս պետք է պայքար տանի, Պ. Սարգսյանը նախ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպիսի միջադեպեր են գրանցվել Սյունիքի մարզում, ապա` հույսը դրեց քվեարկողի վրա, ովքեր էլ պետք է որոշեն իրենց ձայնը կտան իրեն, թե` մեկ այլ թեկնածուի. «Հետո նաև պետք է հաշվի առնել, թե իշխանությունները թույլ կտան, որ ես այնտեղ մասնակցեմ, թե ոչ»:

Պ. Սարգսյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե ԸԸՀ ներկայացրած իր փաստաթղթերը կիսատ են, նույնիսկ, իր խոսքով, փաստաթղթերն ավելին են ներկայացված, քան` պետք էր:

«Նրանք ինձանից պահանջել են տեղեկանք, որ ես ՀՀ քաղաքացի եմ, չեմ բացակայել հանրապետությունից, իսկ այդ ամենը կա պետռեգիստրում, հետևաբար ես պարտավոր չեմ ներկայացնել նրանց նշված թղթերը: Իրենք կարող են հետաքրքվել և վերցնել տեղեկատվությունը: Նրանք ինձ չարչարում են, ոտնահարում են իմ սահմանադրական իրավունքները, ժամանակս վատնում են, որ տվյալ փաստաթուղթը ներկայացնեմ, բայց դա անել ես չեմ պատրաստվում»,- ասաց Պ.Սարգսյանը:

Բացի այդ, թիվ 38 ընտրատարածքում առաջադրված թեկնածուն նաև չի վճարել և չի պատրաստվում վճարել ընտրագրավը:

«Քիչ է, որ իշխանությունը կողոպտել, թալանաել է իր երկրի քաղաքացուն, նյութական սնակության է հասցրել, հիմա էլ պետք է վճարեմ ընտրագրավ, կարծես, խաղատուն եմ մտնում: Ես խաղատուն չեմ մտնում, որ ընտրագրավ վճարեմ»,- վրդովված ասաց Պ. Սարգսյանը:

Նա կոչ արեց կառավարությանը՝ մուծել իր ընտրագրավը. «Ժամանակին հափշտակել, յուրացրել են իմ միջոցները: Ես խաբված քաղաքացի եմ, ես աղքատության շեմին եմ»,- ասաց նա` հիշեցնելով, որ թոշակառու է և ստանում է ընդամենը 24 հազար դրամ թոշակ, և այդ գումարը իրեն մի կերպ է բավականացնում:

Դիտարկմանը, թե կկարողանա՞ 24 հազար դրամով քարոզարշավ իրականցնել Սյունիքում, նա պատասխանեց կտրուկ, որ քարոզարշավ կարող է իրականացնել նույնիսկ առանց ծախսերի: Մեկ այլ դիտարկման, թե այնուամենայնիվ, թիմի, ուղեվարձի խնդիր չկա՞, Պ. Սարգսյանն ասաց, որ դա իր անձնական հարցն է և իր ծախսած գումարը պահանջելու է կառավարությունից:

Թեկնածուն, ի դեպ, զարմանալի չի համարում, որ մինչև այս պահը որևէ թեկնածու չի առաջադրվել թիվ 38 ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում տեղի են ունենալու ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Այստեղից, որպես պատգամավոր էր ընտված ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը, ով, սակայն, սյունիքյան հայտնի դեպքերից, Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո, նշանակվել էր Սյունիքի մարզպետ:
 

Թիվ 38 ընտրատարածքի թեկնածու. Խաղատուն չեմ մտնում, որ ընտրագրավ վճարեմ