Ս. Հասրաթյան. Ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել
14/08/2013 14:58

Ս. Հասրաթյան. Ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել, որ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանից բացի, ով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայտնվել էր ադրբեջանական տարածքում, ևս մեկ հայ զինծառայող էլ շփման գիծը հատելիս պայթել է ականի վրա:

Այսօր ադրբեջանական կողմը կրկին շրջանառության մեջ դրեց այդ լուրը` իբրև թե հրապարակելով զինծառայողի անուն-ազգանունը` Արմենակ Հակոբյան:

Վերոնշյալ տեղեկատվությունը ճշգրտելու համար Aysor.am-ը զրուցեց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ:

Ս. Հասրաթյանը նշեց, որ ադրբեջանական կողմը արդեն մի քանի անգամ օգտագործել է այդպիսի հնարքներ` հրապարակելով իբր զոհված կամ վիրավորված հայ զինծառայողների անուններ:

Նա տեղեկացրեց, որ նման անուն-ազգանունով զինծառայող այդ օրերին ականի վրա չի պայթել:

«Ադրբեջանական կողմի տարածած այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և ապատեղակատվություն է` ադրբեջանական կողմի հերթական հնարք»,-հավելեց Ս. Հասրաթյանը:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հայ զինծառայողի ականի վրա պայթելու վերաբերյալ տեղեկատվության իսկությունը պարզելու համար Aysor.am-ը օրերս արդեն զրուցել էր Սենոր Հասրաթյանի հետ, ով մասնավորապես նշել էր.

«Այն ինչ տեղի է ունեցել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը պատշաճ ձևով ներկայացրել է: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ ադրբեջանական տարածքում հայտնվել է մեկ զինծառայող, իսկ ականի վրա որևէ հայ զինծառայող չի պայթել»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում»: 

Ս. Հասրաթյան. Ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել