ՀԿ-ներ. Եկեղեցու վրա ցանկացած հարձակում հարված է ազգային անվտանգությանը
15/08/2013 15:25

ՀԿ-ներ. Եկեղեցու վրա ցանկացած հարձակում հարված է ազգային անվտանգությանը

13 հասարակական կազմակերպություններ առաջարկում են չհանրայնացնել Երուսաղեմի Պատրիարք Նուրհան սրբազանի կողմից Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակը, որով պահանջվում էր Վեհափառի հրաժարականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀԿ ներկայացուցիչները: 

Հայկական համաշխարհային կոնգրեսի երիտասարդ կազմակերպությունների ասոցիացիայի փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանը նշեց, որ բոլոր ոլորտներում էլ խնդիրներ կան, սակայն Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված ցանկացած հարձակում անընդունելի է:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի թեմի առաջնորդ Նուրհան Սրբազանը հանդես էր եկել Գարեգին 2-ին ուղղված քննադատական նամակով: Նամակում նա իր անհամաձայնությունն է հայտնել Վեհափառի վարած քաղաքականությանը, այս դեպքում` Ֆրանսիական թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Նա եկեղեցու և ազգի ճակատագրով մտահոգվողներին կոչ արեց հնարավորինս զգույշ լինել և քայլեր չձեռնարկել, որոնք սպառնում են եկեղեցու անվտանգությանը: Մ. Մարտիրոսյանը հստակեցրեց, որ այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե եկեղեցու առանձին սպասավորներին, այլ՝ միասնական հոգևոր կառույցին:

«Երիտասարդոթյուն» ՀԿ-ի փոխնախագահ Գուրգեն Սիմոնյանն էլ իր հերթին տարօրինակ համարեց, որ փորձ է արվում հարված հասցնել եկեղեցու վարկանիշին և հեղինակությանը, և ամենատարօրինակը, ըստ նրա, այն է, որ հարված հասցնելու փորձ անում է Պատրիարքի բարձր աստիճան ունեցող հոգևորականը:

«Առավել մտահոգիչ է այն, որ Պատրիարքի անձնական նամակը դարձավ հանրության սեփականությունը, ինչն անընդունելի է: Գտնում ենք, որ նամակի բովանդակության հանրայնացումը չի նպաստում համայն հայության, ինչպես նաև` եկեղեցու անվտանգության ապահովմանը: Ստացվում է, որ Պատրիարքը համախմբելու փոխարեն պառակտում է հայ ազգի հոգևոր միասնությունը»,- ասաց Գ. Սիմոնյանը:

Ամփոփելով իրենց խոսքը` ՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ եկեղեցու շուրջ կատարվող խմորումը լուրջ հարց է և հարվածում է ազգային անվտանգությանը:

ՀԿ-ներ. Եկեղեցու վրա ցանկացած հարձակում հարված է ազգային անվտանգությանը