Այսօր Միքայել Թարիվերդիևի ծննդյան օրն է
15/08/2013 19:41

Այսօր Միքայել Թարիվերդիևի ծննդյան օրն է

Ազգությամբ հայ, խորհրդային երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931 օգոստոսի 15 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Հայրը՝ Լևոն Թարիվերդիև ծնունդով Լեռնային Ղարաբաղից է, իսկ մայրը` Սաթենիկ հակոբովան` Թիֆլիսից:
Սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան)։

Միքայել Թարիվերդիևը առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն։

Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար: Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Գրել է օպերաները, բալետներ և այլ երաժշտական ստեղծագործություններ:
Թարիվերդիևն արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին (3 անգամ), Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին։ 1997 թվականին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։ 1999 թվականից` 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է երգեհոնահարների` Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթ։ Նա ղեկավարում էր Սովետական կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան։

Մահացել է Սոչիում 1996 հուլիսի 25-ին, 64 տարեկան հասակում;
 

Այսօր Միքայել Թարիվերդիևի ծննդյան օրն է