Փորձագետի բլոգ. ԼՂՀ նախաձեռնությունն Ադրբեջանին երկընտրանքի առաջ կանգնեցրեց
15/08/2013 18:06

Փորձագետի բլոգ. ԼՂՀ նախաձեռնությունն Ադրբեջանին երկընտրանքի առաջ կանգնեցրեց

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ Արցախի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հարցում երկխոսություն սկսել. խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է:

Արցախցի պաշտոնյայի հայտարարությունն առաջին հերթին ուշագրավ է այն առումով, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է Սարսանգի ու դրանից սկիզբ առնող գետերի թեման շահարկել: Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցները որոշակի հաճախակիությամբ լուրեր են տարածում այն մասին, թե «Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով տեղական իշխանություններից ջուր տրամադրել գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար»:

Ղարաբաղյան կողմն ավելի վաղ առիթ ունեցել էր Ադրբեջանին առաջարկելու` համատեղ օգտագործելու ջրային պաշարները, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել էր համագործակցությունից:

Արցախի կառավարությունը հանդես է գալիս հումանիտար նախաձեռնությամբ, ինչը ոչ միայն Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչների համար բացառիկ հնավարություն է լուծելու այդքան սպասված ոռոգման խնդիրը, այլև միջոց` երկու ժողովուրդների միջև վստահության միջոցների ստեղծման համար:

Այս շրջաններին Խորհրդային տարիներին Սարսանգի ջրամբարից ջուր է մատակարարվել, ինչը նրանց հնարավորություն է տվել ոռոգել ցանքատարածությունները:

Սակայն դեռ 90-ականների սկզբին, երբ Ադրբեջանն Արցախին մեկուսացնելու օպերացիայի շրջանակներում փակեց իր տարածքից Ղարաբաղ հոսող գետերի հունը, Արցախն իր հերթին սահմանափակեց Սարսանգի ջրամբարից դեպի ադրբեջանական Թարթառի շրջան հոսող ջրի քանակությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներն իրենց հայտարարություններում բազմիցս շեշտել են ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու անհրաժեշտության մասին: Արցախյան կողմի նախաձեռնություն իրապես կարող է լավ հիմք լինել ոչ միայն ժողովուրդների խաղաղության նախապատրաստելու ու տարբեր մակարդակներում համագործակցություն ծավալելու, այլև հայերի նկատմամբ ատելության ու թշնամության մեղմացման համար: Այս նախաձեռնությունը միաժամանակ կնպաստի շփման գծում լարվածության թուլացմանը, քանզի դժվար է պատկերացնել, որ ադրբեջանցի դիրքապահները կրակ կբացեն այն մարդկանց ուղղությամբ, ովքեր իրենց համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման ջուր են մատակարարում:

Իսկ եթե Ադրբեջանը մերժի կամ անտեսի այս առաջարկը, ապա դա վերջնականապես կքողազրկվի վերջինիս ջանքերը` աշխարհին ներկայանալ որպես նախաձեռնող ու կառուցողական կողմ: Ավելին` առաջարկի մերժումը ոչ միայն Ադրբեջանի համար խնդիրներ կառաջացնի միջազգային արենայում, այլև իր երկրի ներսում, քանզի վերջնականապես պարզ կդառնա, որ Ադրբեջանի իշխանությունը ոչ միայն թքած ունի սեփական ժողովրդի վրա, այլև պատրաստ է նրանց զոհաբերել՝ հանուն իր քաղաքական նպատակների:

Նախորդող հրապարակում՝ Ղարաբաղն Ադրբեջանին համագործակցության կոչ է անում

Փորձագետի բլոգ. Ինչո՞ւ է շահարկվում Սարսանգի ջրամբարի թեման
 

Փորձագետի բլոգ. ԼՂՀ նախաձեռնությունն Ադրբեջանին երկընտրանքի առաջ կանգնեցրեց