.jpg)
Վանում սկիզբ դրվեց հայ և թուրք գործարարների միջև նոր համագործակցության
«Հայ-թուրքական պետական դիվանագիտությունը կանգ է առել ինչ-որ անհայտ մի կետի վրա, մինչդեռ հասարակական դիվանագիտությունը՝ ի դեմս երկկողմ տնտեսական համագործակցության, նոր թափ է ստանում»,- այսօր Վանում մեկնարկած Հայ-թուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ նշել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ծրագրերի ղեկավար Արմեն Մելքոնյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից հայտնում են, որ համաժողովն իրականացվում է նշյալ միության նախաձեռնությամբ՝ «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում: Իսկ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների գործարար երիտասարդների միջև համագործակցության ստեղծմանն ու խթանմանը: Հայ և թուրք գործարարներին մեկ սեղանի շուրջ համախմբելու փորձ միությունը վաղուց ունի, սակայն առաջին անգամ է, որ շեշտը դրվում է երիտասարդ գործարարների վրա. «Երիտասարդ գործարարներն ավելի անկաշկանդ են, համատեղ քննարկումներին և առկա խնդիրները բարձրաձայնելուն՝ ավելի բաց»,- պարզաբանել է Արմեն Մելքոնյանը:
Եռօրյա գործարար համաժողովը, որը միտված է միջսահմանային տնտեսական գործունեության զարգացմանն աջակցելուն և տարածաշրջանում խաղաղաշինության խթանմանը, բաղկացած է երկու հատվածամասից՝ պլենար հանդիպումից և հայ-թուրք երիտասարդ գործարարների (գործատուների) միջև անհատական գործարար հանդիպում-բանակցություններից:
Համաժողովի առաջին օրը, աղբյուրի փոխանցմամբ, քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի, մասնավորապես՝ Երևանի և Վանի երիտասարդ գործարարների միջև առևտրատնտեսական կապեր հաստատելու հնարավորությունները և նախադրյալները:
Իր զեկույցներից մեկում Արմեն Մելքոնյանն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև գործարար համագործակցության ներկա իրավիճակին, առկա մարտահրավերներին և խոչընդոտներին՝ հավելելով, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կարգավորող որևէ իրավական փաստաթղթի բացակայության պայմաններում միակ բանը, որը կարգավորում է երկու երկրների միջև հարաբերությունները, բիզնեսի էթիկայի կանոններն են: Տարակուսանքների և տեղեկատվության պակասի պայմաններում, երբ չկան հարաբերությունները կարգավորող ֆորմալ երաշխիքներ, ստեղծված ճեղքը հաղթահարելու միջոցներն են դառնում վստահությունը և բիզնես էթիկան, որը կարող է կարգավորող դեր խաղալ և հանդիսանալ ոչ-ֆորմալ երաշխիք. «Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում գործարարների իրավունքների ու շահերի պաշտպանության միակ ձևն է բիզնես էթիկայի վրա հիմնված փոխադարձ վստահությունը, որը շատ դեպքերում ավելի արդյունավետ և ուժեղ միջոց է»: