.jpg)
Զինծառայողը դիվերսիոն խմբի հարձակման իմիտացիա է ստեղծել եւ կրակել իր վրա
Զինվորական ծառայությունից ազատվելու նպատակով զինծառայողը նախ կրակել է ինքն իր վրա, ապա` թվացյալ թշնամու ուղղությամբ: Այս մասին հայտնում է pastinfo.am-ը:
Նման մեղադրանք է առաջադրվել զինծառայող Համբարձում Պետրոսյանին, որի վերաբերյալ քրեական գործը գտնվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում: Ըստ քրեական գործի նյութերի` Հ.Պետրոսյանը զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնական ազատվելու նպատակով տագնապ է առաջացրել զինծառայողների շրջանում, թե իբր դիվերսիոն խումբ է ներթափանցել դիրք և իրեն ամրակցված զենքով կրակահերթ է արձակել ինքն իր վրա:
Այսպես` N զորամասի զինծառայող Համբարձում Պետրոսյանը մարտական հերթապահության զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնական ազատվելու նպատակով դուրս է եկել խրամատից, բարձրացել և հայտնվելով հակառակորդի կողմից տեսանալի հատվածում` դեպի ՊԲ պաշտպանական դիրքեր բերող հսկվող հարթված հողային հատվածում, թողել է բազմաթիվ ոտնահետքեր և ծնկահետքեր՝ ձևացնելով դիվերսիոն խմբի ներթափանցում տվյալ դիրք և զինծառայողների շրջանում առաջացրել տագնապ` իբր դիտակետում լսվում են քայլերի ձայներ:
Այնուհետև իրեն ամրակցված զենքով կրակահերթ է արձակել իր ձախ բազկի շրջանին՝ վիրավորելով ինքն իրեն և կրակահերթ արձակել թվացյալ թշնամու ուղղությամբ: Համբարձում Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով և 371 –րդ հոդվածի 2-րդ ամսով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: