Քաղաքագետ. Ռուսաստանին մտահոգում է, որ Ադրբեջանը հեռանում է  իրենից
16/08/2013 12:21

Քաղաքագետ. Ռուսաստանին մտահոգում է, որ Ադրբեջանը հեռանում է իրենից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունն  Ադրբեջան երկու նպատակ էր հետապնդում. Առաջին` Ռուսաստանին անհանգստացնում է, որ Ադրբեջանն այլընտրանքային ճանապարհով` Ռուսաստանին շրջանցելով է Եվրոպային գազ և նավթ մատակարարում, և երկրորդ` Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է Եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով  հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ունեցած այցի ազդեցության մասին, նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Սակայն, շարունակեց խոսքը քաղաքագետը, Պուտինի այցն Ադրբեջանի  քաղաքականությունը չմեղմեց: «Ռուսաստանի համար Ադրբեջանը շատ կարևոր է, հետևաբար` ՌԴ-ին մտահոգում է, որ Ադրբեջանը հեռանում է Ռուսաստանից»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է այցի ընթացքում ստորագրված բազմաթիվ փաստաթղթերին, ապա քաղաքագետի կարծիքով, դրանք որոշիչ չէին. «Ավելին՝ այն, որ Ռուսաստանն Ադրբեջանին մեծաքանակ զենք վաճառեց մինչև Պուտինի այցը Բաքու, բարիդրացիական ֆոն ստեղծելու նպատակ ուներ: Արդյունքում` ստացվեց, որ սկզբունքային հարցերում համաձայնության չեկան, և Բաքուն իր դիրքորոշումը չփոխեց»,- ասաց նա և ավելացրեց, թե տարածաշրջանում Հայաստանը  շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր գործընկերը:

Խոսելով հայկական ազգանվամբ լրագողին Ադրբեջանի տարածք  չթողնելու մասին` քաղաքագետը նկատեց, որ դա լուրջ ապտակ  էր Ռուսաստանին  և Պուտինին. «Ուղղակի զարմացած եմ, թե ինչպիսի համբերատարությամբ Պուտինը մարսեց դա»:

 

Քաղաքագետ. Ռուսաստանին մտահոգում է, որ Ադրբեջանը հեռանում է իրենից