.jpg)
Ամուսինը երեք երեխաների աչքի առաջ այրվող ծխախոտը հանգցրել է կնոջ ճակատին
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ավարտվել է Ռազմիկ Պապոյանի գործի դատավարությունը: Այս մասին գրում է 1in.am-ը:
Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի փետրվարի 15-ին՝ ժամը 21-ն անց 30 րոպեին, 43-ամյա Ռազմիկ Պապոյանն իր բնակարանում կնոջ հետ վիճաբանության ժամանակ ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, ապա ծխախոտի այրվող գլանակը սեղմելով հանգցրել է կնոջ ճակատին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Ա
մուսնու կողմից աննախադեպ դաժան վերաբերմունքի արժանացած կինը նույն այդ ամուսնու հետ համատեղ կյանքից երեք երեխա է ունեցել ու հարգանքի, սիրո փոխարեն ապրել է ամուսնու վիրավորանքների, սպառնալիքների, ծեծի պայմաններում: Կինը դատարանում ասել է.
«Վերջին չորս տարիներին իմ և ամուսնուս հարաբերությունները եղել են լարված, անհաշտ»:
Այդ կինը՝ երեք երեխաների մայրը, փաստորեն, եթե ոչ երջանիկ, գոնե խաղաղ կյանքով չէր ապրել: Մոտ մեկ տարի առաջ՝ հերթական ընտանեկան վեճուկռվից հետո նա հեռացել էր հայրական տուն: Ցանկացել էր ամուսնալուծվել, երեխաների խնամքն իրեն հանձնելու, ալիմենտի բռնագանձման պահանջով դիմել էր մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ կնոջ ցուցմունքների՝ դեպքի օրը Ռազմիկը տուն է գնացել խմած, նախ վիճաբանել է մոր հետ, հայհոյել, ապա կնոջ հետ գնացել է խանութ, գնել մթերք ու մեկ շիշ օղի: Ընթրիքի ժամանակ Ռազմիկն արդեն սկսել է վիճել կնոջ հետ, մեջտեղ է բերել կնոջ հեռախոսում գրանցված համարները, երեխաների, մոր ներկայությամբ հայհոյել է կնոջը, ապա կտրուկ անցել ծեծին՝ ոտքերով, ձեռքերով:
Հետո կատարել է երեկոյի ամենաապշեցուցիչ «համարը»՝ երեխաների սարսափահար աչքերի առաջ ծխախոտը դրել է կնոջ ճակատին, սեղմել ու հանգցրել: Սպանելու սպառնալիքներ է տվել՝ ըստ կնոջ ու երեխաների ցուցմունքների:
Ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Պապոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 1 ամիս կալանքի: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ վերցնելու պահից: Պատիժը կրելու ընթացքում նշանակվելու է հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից: