Սյունիքում սպանդանոց կա, սակայն մորթ դեռևս չի կատարվում
21/08/2013 20:42

Սյունիքում սպանդանոց կա, սակայն մորթ դեռևս չի կատարվում

Վերջրես Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում բացվեց մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման գործարան` սպանդանոց:

Գործարանը աշխատանքով է ապահովում մինչև 35 մարդու: Հետագայում արտադրանքի ծավալների ընդլայնմանը զուգահեռ, կավելանա նաև աշխատողների թիվը՝ հասցվելով մինչև 80-ի:

Նախատեսվում է, որ ընկերության արտադրանքը փաթեթավորված վիճակում կիրացվի հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունում, իսկ օրական մորթը կախված կլինի պատվերներից:

Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ մորթ դեռևս չի կատարվում, գործարանը համալրված է գերմանական ժամանակակից սարքավորումներով, «ստերիլ մաքուր է» արտադրամասը:

Իսկ թե ով է սպանդանոցի սեփականատերը, Սամվել Թանգյանը չասաց, միայն տեղեկացրեց, որ սեփականատերը կամ սեփականատերերը հայեր են:

«Սպանդանոցը մարզում անհրաժեշտություն էր, մարզում մսի իրացման խնդիր ունենք»,- ասաց նա և հավելեց, որ մարզում մանր եղջերավոր կենդանու միսը վաճառվում է 1600-ից մինչև 2000 դրամ, այս տարի արդեն մարզում կա 101 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, որը 17 տոկոսով ավելի է` նախորդ տարվա համեմատ:

Սյունիքի գյուղվարչության պետը նաև փոխանցեց, որ Իրանին վարձակալությամբ տրամադրվող արոտավայրերի խնդիր այլևս չի լինի, քանի որ մսի իրացման խնդիրը լուծելուց հետո, կավելանա անասնագլխաքանակը մինչև 40 տոկոս, իսկ մարզի արոտավայրերեը ռեալ կօգտագործվեն:

Սպանդանոցն ունի օրական 300 կենդանու մորթի հնարավորություն: Կաշխատի՝ ըստ կնքված պայմանագրերի:
 

Սյունիքում սպանդանոց կա, սակայն մորթ դեռևս չի կատարվում