.jpg)
Մանուկ Նիգոյանը չի դիմի ոստիկանություն. Նա ապացույցներ չունի
Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ իրեն անվանող Մանուկ Նիգոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ չի պատրաստվում դիմել ոստիկանություն, քանի որ չունի ապացույցներ:
Հիշեցնենք, որ տարածված հաղորդագրության համաձայն` «Բենզալցակայանի առջև սև «Լադա» մակնիշի ավտոմքենան բարձր արագությամբ մոտեցել է Մանուկ Նիգոյանին ու ձախ կողմից հարվածել վերջինիս, Մանուկ Նիգոյանը պահանջել է երիտասարդ վարորդից ավելի ուշադիր լինել, ինչին ի պատասխան մեքենայի վարորդը իջել է մեքենայից ու հրշմոտց հրահրել, արդյունքում՝ այն վերածվել է ծեծկռտուքի, որին միացել է նաև մեքենայի ուղևորը: Վեճը հարթվել է բենզալցակայնի աշխատակիցների միջամտությունից հետո միայն, իսկ վարորդը դիմել է փախուստի»:
Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը` թե ապացույցներ գտնելը ոստիկանության գործն է, նա նշեց, որ չի դիմում ոստիկանություն, քանի որ չի կարծում, որ դա դիտավորություն է եղել` միաժամանակ նշելով, որ իր համար անհասկանալի է, որ որոշ մարդիկ դա համարում են «իրեն գովազդելու միջոց»: «Ես իրավաբանիս հետ խորհրդակցեցի և հասկացանք, որ առանց ապացույցների ոստիկանություն դիմելը` անիմաստ է»,- ասաց նա:
Հարցին` այդ դեպքում չի՞ համարում, որ հայտարարություն տարածելը անմտածված է եղել, նա ասաց, որ չի փոշմանել հայտարարություն տարածելու համար, քանի որ «նման միջադեպ եղել է և իրենք տեղեկացրել են այդ մասին»:
Անդրադառնալով թատերագետ Լևոն Մութաֆյանի` իր հասցեին հնչող քննադատություններին, Նիգոյանն ասաց, որ Լ. Մութաֆյանը մի քանի տեղ իր հայտարարություններում հակասում է ինքն իրեն:
«Նա Հրայր Թովմասյանին ուղարկված իր նամակում ինձ անվանում է ինքնահռչակ ու ինքնակոչ պատանի, և խնդրում միջամտել՝ երևի չիմանալով, որ Հ. Թովմասյանը չի կարող պաշտոնանկ անել հասարակական գործիչների: Մեկ այլ դեպքում՝ նա խնդրում է իմ դպրոցի տնօրենի միջամտությունը, սակայն ես գործունեություն ծավալում եմ դասաժամերից դուրս, որի համար տնօրենը պատասխանատու չէ: Բացի այդ, ինձ մեղադրում են հովանավորների միջոցներով միջոցառումներ կազմակերպելու մեջ` չիմանալով, որ ես 14-15 տարեկանից աշխատում եմ և այդ գումարներով եմ միջոցառումներ կազմակերպում: Իսկ այն, որ իմ հրաժարականը պահանջում են մի խումբ մշակութային գործիչներ, հարց է առաջանում, ինչո՞ւ չկան անուններ, միգուցե դա մեկ մարդու կողմից է՞ արված»,- ասաց նա՝ նշելով, որ իր համար անհասկանալի է, «ինչպե՞ս կարելի է 16-ամյա պատանու դեմ քայլարշավ կազմակերպել»:
Հարցին` իսկ իր կարծիքով` ո՞րն է Լ. Մութաֆյանի դրդապատճառը, Նիգոյանն ասաց, որ իրեն էլ հայտնի չէ, իրենք չեն շփվում, իսկ Լ. Մութաֆյանը իրեն անձնական խոսակցությունից հետո արգելափակել է Facebook-ում:
Նշենք, որ Մ. Նիգոյանը երեկ Facebook-յան իր էջում գրառում էր կատարել, որ չի միանում ուսման վարձավճարների թանկացման դեմ պայքարին, քանի որ «հայ մտավորականներից ոմանք հոգացել են ինձ որևէ այլ բանի մասին մտածելու ժամանակ չթողնելու համար...»:
Հարցին` իրեն վախեցնո՞ւմ են Լ. Մութաֆյանի քայլերը, Նիգոյանն ասաց, որ վախեցնում է այնքանով, որ նա ապակողմնորոշում է հասարակությանը:
Նախորդող հրապարակում` Մ. Նիգոյան. Լ. Մութաֆյանի գրառումը ողջ կյանքում «աբիժնիկ» լինելու հետևանք է