.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն մեկին չի պատասխանում
Ազատության հրապարակում երկար ընդմիջումից հետո հրավիրած հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Այն հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը չմիացան այսօրվա հանրահավաքին, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ ներկա էին, բայց որևէ ուժի առանձին հրավեր չեն ուղարկել: Լրագրողները խնդրեցին մեկնաբանել ՀՅԴ ներկայացուցիչներից մեկի արձագանքը, թե Հովհաննիսյանի հայտարարության մեջ հստակություն չկա, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, բոլոր տեսակետները հարգում է, բայց «ամեն մեկին չեմ պատասխանի»
«Եթե ոչ իշխանական հիմնական ուժերը, նախաձեռնությունները կանգնեն այս հարթակում, այդ համակարգափոխությունը տեղի կունենա: Եթե շատ են ուզում, ոչ թե պետք է պատրվակ փնտրեն չմիանալու համար, այլ գան այստեղ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելեց, որ այդ հայտարարություններից տեղյակ չէ, իր հայտարարությունների մեջ հստակություն եղել է, գուցե ակցենտի պատճառով է, որ չեն նկատել:
Պատասխանելով հարցին, թե այս անգամ ինչպես է փորձելու համոզել հավաքված ժողովրդին ու վստահություն ստանալ, «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ վստահություն չի հայցում, նրանք պետք է հասկանան, որ պայքարը երկարատև է: Ըստ նրա՝ ապրիլի 9-ին Ազատության հրապարակ եկած մարդիկ ակնկալում էին ամեն ինչ փոխել միանգամից:
«Մենք պատրաստ չէինք այդ գործն անարյուն կատարելու, որոշում կայացրեցի, որպեսզի արյուն չթափվի, ռիսկի տակ չդնեմ ընտանիքիս ու կողմնակիցներիս»,- ասաց Ր. Հովհաննիսյանն ու նշեց, որ իր ընտանիքը կրկին կլինի առաջին գծում:
Արձագանքելով կարծիքին, թե ինչու այս ամիսների ընթացքում չի միացել տարբեր ուժերի ու նախաձեռնությունների կազմակերպած հանրահավաքներին, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ իրեն բացակա չեն կարող դնել, քանի որ յուրաքանչյուր անգամ, երբ իր՝ քաղաքում եղած ժամանակ հանրահավաք է եղել, ինքը մասնակցել է: