Հ. Սահակյանցի անիմացիոն չինացիներն ու հայ թագավորը (Տեսանյութ)
23/08/2013 17:56

Հ. Սահակյանցի անիմացիոն չինացիներն ու հայ թագավորը (Տեսանյութ)

«Quantum Jump». այսպես է կոչվում «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի թողարկած կարճամետրաժ անիմացիոն 3D ֆիլմը, որը բոլորովին վերջերս ներկայացվել է հանրության ուշադրությանը: Մուլտֆիլմի ռեժիսորը մուլտիպլիկատոր Հայկ Սահակյանցն է, բեմադրող-նկարիչը` Էռնեստ Մուրադյանը, սցենարի հեղինակը` Վարդան Զադոյանը:

Bravo.am-ի փոխանցմամբ` «Քվանտային թռիչքը» պատմություն է Չինաստանի Շաոլին վանքում ապրող փոքրիկ միաբանի մասին, որը երազում է յուրացնել մարտարվեստի հնարքներն ու բացահայտել մեդիտացիայի օրենքները, սակայն նրան դեռևս վստահված է միայն հավաքարարի աշխատանք:

«Ի սկզբանե չինացիների մասին անիմացիոն ֆիլմ նկարահանելու նպատակ չունեինք, պարզապես կար գաղափար մեդիտացիայի շուրջ կատակային ինչ-որ իրավիճակ ստեղծել, ու հենց սցենարն էլ թելադրեց միջավայրը»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Հայկ Սահակյանցը` հավելելով, որ ֆիլմում փիլիսոփայական լուրջ ենթատեքստ փնտրել պետք չէ:):

Bravo-ի հետ զրույցում Quantum Jump-ի ռեժիսորը տեղեկացրել է, որ չհաշված ձայնային և երաժշտական ձևավորումը, որը ևս մի քանի ամիս է պահանջել, 7 րոպե տևողությամբ անիմացիոն ֆիլմը նկարահանել են մեկ տարում. «Աշխատել ենք շատ փոքր թիմով, այն դեպքում, երբ նման գործը մեծ թիմային աշխատանք է պահանջում»:

Հայկ Սահակյանցի խոսքով` արդեն իսկ սկսել են նոր մի շարք նախագծերի վրա աշխատել. «Հայ թագավորի մասին պատմող անիմացիոն ֆիլմի սցենար ենք մշակում, որը մեկնում է Հունաստան` որպես բռնցքամարտիկ Օլիմպիական խաղերին մասնակցելու: Ի դեպ, սա պատմական փաստ է: Որպես ռեժիսոր էլ ես ու եղբայրս` Դավիթն ենք հանդես գալու»:

Անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին նշել է նաև, որ Quantum jump-ը կներկայացվի հեղինակավոր միջազգային փառատոններում, ինչպիսիք են Golden Kuker-ը, Fest Anca-ն, Seoul International Youth Film Festival-ը և Edinburgh Short Film Festival-ը:

«Quantum Jump»-ը կարող եք դիտել այստեղ:

Հ. Սահակյանցի անիմացիոն չինացիներն ու հայ թագավորը (Տեսանյութ)