Մհեր Մկրտչյանի տուն-թագարանի տնօրենը հերքում է հոսանքի անջատման մասին լուրը
23/08/2013 18:47

Մհեր Մկրտչյանի տուն-թագարանի տնօրենը հերքում է հոսանքի անջատման մասին լուրը

Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը հերքում է այն տեղեկությունը, թե պարտքերի պատճառով մի քանի օր է՝ ինչ թանգարանում էլեկտրականությունն անջատել են:

«Էդպիսի բան չի եղել: Գուցե 5 րոպեով են անջատել: Դա սուտ է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնօրենը:

Այսօր համացանցում տարածվել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի գրառումը, որտեղ նշված է. «Նկարահանումներ էինք անցկացնում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում, երբ խնդրեցի շատ բարեհամբույր աշխատողներին, որ հոսանք միացնեն: Չհասկացա թե ինչ կատարվեց…Մարդիկ գլուխները կախեցին ու իրար երես նայեցին: Կարճ ասեմ՝ հոսանքի փող չվճարելու համար երկու օր է անջատել են հոսանքը: Գյումրեցիները միշտ առանձնացել են իրենց թասիֆով: Համոզված եմ, որ ամբողջ քաղաքը կվճարեր, բայց իրանք ոնց իմանան: Իսկ նրանք, ով ՊԱՐՏԱՎՈՐ են իմանալ և գտնել էդ պրոբլեմների լուծումը... ուղղակի խոսք չեմ գտնում ասելու... Ահավոր ա... Ես բոլորիս տեղը ինձ մեղավոր ու ստոր եմ զգում...»:

Շողիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում վերհիշեց ռեժիսորի այցը, ասաց, որ մի երգչուհու հետ է եկել, նկարահանումների համար. «Մենք էլ թույլ տվեցինք նկարահանել՝ մտածելով, որ հին կառույց է: Մուտքի մոտ ինչ-որ բան արեցին, ընդամենը 5-10 րոպե տևեց:

Թյուր տեղեկատվություն է, անհարմար է, գալիս են իրենց խնդիրները լուծում ու ապականում այն վայրը, որտեղից ջուր են խմել»: 

Մհեր Մկրտչյանի տուն-թագարանի տնօրենը հերքում է հոսանքի անջատման մասին լուրը