.jpg)
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկեց հայ երկու մրցավարներին
Գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանն ու նրա օգնական Հովհաննես Ավագյանը, ովքեր աշխատել են Եվրոպայի լիգայի «Ինտեր»-«Վիկինգուր» խաղում, ցմահ որակազրկվել են ՈՒԵՖԱ-ի հսկիչ-կարգապահական կոմիտեի կողմից` խաղի արդյունքի վրա ազդելու փորձի համար:
Որակազրկման նախնական որոշումը կայացվել է 2013 թ. օգոստոսի 7-ին, հսկիչ-կարգապահական կոմիտեի ղեկավարի կողմից, իսկ այսօր հարցը կրկին քննարկման է դրվել:
ՈՒԵՖԱ-ն ի գիտություն է ընդունել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի` Արսենյանի ու Ավագյանի նկատմամբ ընդունած որոշումը: ՀՖՖ գործկոմի անդամները եզրակացրել են, որ Արսենյանն ու Ավագյանը փորձել են ազդել «Ինտեր»-«Վիկինգուր» պատասխան հանդիպման ելքի վրա, որն ավարտվել է Ֆարերյան ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով:
Այդ հանդիպումը կասկած է հարուցել մեքենայությունների բացահայտման համակարգի շնորհիվ, որը յուրաքանչյուր մրցաշրջանում հետևում է ավելի քան 32 հազար խաղի ողջ Եվրոպայում` ներառյալ եվրոպական բոլոր երկրների ուժեղագույն առաջնությունները և ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող ակումբային մրցաշարերը: Կասկածն ՈՒԵՖԱ-ին ստիպել է հետաքննություն սկսել, որին ակտիվորեն աջակցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: