Ճոճկանի պոչամբարը փակել է Այրում գյուղի ջրի աղբյուրները
24/08/2013 15:00

Ճոճկանի պոչամբարը փակել է Այրում գյուղի ջրի աղբյուրները

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոններով աղտոտվածությունը ահռելի է: Կոմբինատի մի կողմում` դեպի Ճոճկան տանող մայրուղու երկարությամբ, պոչամբարներ են: Մեկը գործող Ճոճկանինն է: Այն շատ արագ է լցվում և արդեն փակել է Այրում գյուղի ջրի աղբյուրները: Շուտով կբարձրանա մինչև Ճոճկան գյուղի ջրային աղբյուրները, որոնք Այրումից վերև են տեղակայված: Հավանաբար, որպեսզի պոչամբարը այդքան արագ չլցվի, պոչերը թափվում են նաև պահուստային ռեզերվուար: Այն կոմբինատից հեռու չէ և պոչամբար չէ: Ռեզերվուարի կողքին լցակույտեր են, որոնք աստիճանաբար լցվում են Ախթալա գետը: Ներքևում փակ պոչամբար է, որը հայտնի է Նազիկ անունով: Կոմբինատը ռեկուլտիվացրել է պոչամբարը և ծառեր տնկել: Նրանք աճում են հողի վրա, որով ծածկված են պոչերը: Հողը քիչ է, և չծածկված պոչերը անձրևների հետ միասին լցվում են Ախթալա գետ: Նյութը տեղադրված է ecolur.org կայքում:

Մյուս ճանապարհը տանում է բաց եղանակով շահագործվող Շամլուղի հանքավայր: Այս մայրուղին նույնպես զբաղեցված է կոմբինատի աղտոտող օբյեկտներով: Վերևում` Շամլուղ գյուղի մոտ, բաց հանքն է և լցակույտեր, ներքևում՝ հանքախորշեր, որոնցից դուրս է գալիս Ախթալա գետը: Ջրի կազմը հիշեցնում է հանքաքարի կազմը և հանքաքարի տարրերի պարունակությունը ջրում գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մի քանի հազար անգամ: Վագոնիկները հանքաքարի մնացորդները թափում են մոտակա կիրճը: Իսկ հարևանությամբ Լոռու զարմանահրաշ բնությունն է` ձևափոխված, բայց դեռ կյանքի համար պայքարող: Մանրամասները՝ տեսանյութում:

Ճոճկանի պոչամբարը փակել է Այրում գյուղի ջրի աղբյուրները