Ջիվան Գասպարյան. Ծննդյանս համար գումար չեմ խնդրի. Ինքնասիրության հարց է
24/08/2013 16:34

Ջիվան Գասպարյան. Ծննդյանս համար գումար չեմ խնդրի. Ինքնասիրության հարց է

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանն այս տարի կնշի ծննդյան 85-ամյակը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտն ասաց, որ Աբովյան փողոցում կտեղադրվի հայ դուդուկահարներ Լևոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի ու իր արձանը:

Դուդուկահարը պատմեց, որ գաղափարը 5 տարի առաջ է եղել, առաջարկել են իր արձանը տեղադրել, սակայն Ջ. Գասպարյանը պնդել է, որ մյուս դուդուկահարների արձանն էլ կանգնեցնեն, նրանք արդեն ողջ չեն, երաժիշտը նշեց, որ դուդուկահարները հայտնի են եղել, սակայն այսօր նրանց մասին մոռացել են. «Դուդուկը նաև նրանց շնորհիվ է աշխարհում մեծ ճանաչում ստացել»,-ասաց Ջ. Գասպարյանը: Նա նաև հավելեց, որ պետք է ոչ թե մահացած, այլ ողջ մարդու արձանը կանգնեցնել. «Պետք է կենդանության օրոք գնահատել, որ սերունդները ճանաչեն»:

Նշենք, որ արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է: 

Ջիվան Գասպարյանի ծննդյան 85-ամյակը մեծ շուքով կնշվի Կրեմլի դահլիճում: Ըստ նրա՝ հավանաբար կմասնակցի նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: 

Ջիվան Գասպարյանը դեռ չգիտի՝ կնշե՞ն իր ծննդյան օրը Երևանում, թե ոչ: Երաժիշտը չի ցանկանում խնդրել, որ իր համար համերգ կազմակերպեն, ոչ էլ ծննդյան համար գումար կխնդրի. «Դա ինձ համար մահ է, ինքնասիրության հարց»: 

 

Ջիվան Գասպարյան. Ծննդյանս համար գումար չեմ խնդրի. Ինքնասիրության հարց է