ՊՆ. Հայ զինվորը մահացել է դիպուկահարի կրակից
24/08/2013 12:07

ՊՆ. Հայ զինվորը մահացել է դիպուկահարի կրակից

Օգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական բաժնից:

«Այս ցավալի միջադեպով Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմը փորձ է անում ապակայունացնել ՀՀ պետական սահմանի` նախկինում համեմատաբար խաղաղ համարվող նախիջևանյան հատվածը և «հիշեցնել» նախիջևանցի ընտրողներին, թե «ում են պարտական իրենց կյանքի ու բարեկեցության համար»:

Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը և նրա ռազմաքաղաքական վարչակազմը: Զարգացումների այս սցենարում հատուկ կարևորում ենք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերջնական համաձայնեցումը և կիրառումը, և կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել բոլոր հնարավոր լծակները` այս մեխանիզմի հաստատման դեմ Ադրբեջանի իշխող ռեժիմի խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնելիս զոհված Նորայր Արարատի Պետրոսյանի ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ Արթուր Ասոյանին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նախորդող հրապարակում՝ Այսօր վիրավորված զինվորի կյանքին վտանգ չի սպառնում

Հակառակորդի կրակից զինվոր է զոհվել. Նոր մանրամասներ

ՊՆ. Հայ զինվորը մահացել է դիպուկահարի կրակից