Ղուլյան. ԼՂՀ իշխանություններն արժանվույնս են գնահատում միջնորդների ջանքերը
26/08/2013 20:56

Ղուլյան. ԼՂՀ իշխանություններն արժանվույնս են գնահատում միջնորդների ջանքերը

Օգոստոսի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների և լրագրողների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով՝ Մոսկվայում գործող «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց այցի առթիվ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներս անհամեմատ հաճախակի են դարձել տարբեր երկրների անվանի քաղաքական, հասարակական գործիչների այցերը, ովքեր ցանկանում են մոտիկից ճանաչել Արցախը, անմիջականորեն տեղում ծանոթանալ ղարաբաղյան հիմնախնդրի, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատճառներին ու հետևանքներին, ականատես լինել նորանկախ հանրապետության պետականաշինության ընթացքին, պարզապես հանդիպել ու զրուցել արցախցի մարդկանց հետ։ Այս առումով, ասաց նա, մեզ համար հաճելի է արցախյան հողում տեսնել նաև մեր վաղեմի բարեկամի՝ ռուս ժողովրդի ներկայացուցիչներին։

Խոսելով կարգավորման գործընթացի զարգացումների մասին, խորհրդարանի նախագահը այդ համատեքստում նշեց, որ ԼՂՀ ժողովուրդը և իշխանությունները մեծապես կարևորում ու արժանվույնս են գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների միջնորդական առաքելությունը։

Ռուսաստանցի հյուրերին հետաքրքրում էին երկրի ընտրական համակարգը, քաղաքական դաշտը, խորհրդարանի կառուցվածքը, իշխանությունների սոցիալական քաղաքականությունը, բնակչության, մանավանդ, երիտասարդության զբաղվածության ապահովման դրվածքը և այլ ոլորտներ։ Պատասխանելով նրանց հարցերին, ԱԺ նախագահը տվեց համապատասխան պարզաբանումներ»,- նշված է տարածված հաղորդագրությունում։ 

Ղուլյան. ԼՂՀ իշխանություններն արժանվույնս են գնահատում միջնորդների ջանքերը