«Շենգավիթ-1» վճարային ծառայության 7 աշխատակիցներ դատապարտվեցին
26/08/2013 18:26

«Շենգավիթ-1» վճարային ծառայության 7 աշխատակիցներ դատապարտվեցին

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների համար «Շենգավիթ-1» վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցներին առաջադրված մեղադրանքը և դատապարտել: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` «Շենգավիթ-1» տարածքային բաժանմունքի պատասխանատու Ա. Գրիգորյանը, օժտված լինելով բաժանմունքի տեսուչ-վճարողների միջոցով կենսաթոշակների վճարման գործընթացը կազմակերպելու և ղեկավարելու լիազորություններով, պետությունից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Մաճկալյանի, Ա. Եղիազարյանի, Ս. Հարությունյանի, Կ. Պողոսյանի, Կ. Պետրոսյանի և Ա. Նիկողոսյանի հետ և 2006-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Ըստ դատավճռի` Ա. Գրիգորյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչները պարզել են հանրապետությունից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և 2006-2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակների գումարները` Ա. Գրիգորյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:

Վերոհիշյալ 7 անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 11 466 701 դրամի վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4 153 740 դրամ, իսկ դատաքննության ընթացքում՝ 4.528.750 դրամ:

Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներ Ա.Գրիգորյանը, Է.Մաճկալյանը, Ա.Եղիազարյանը, Կ.Պողոսյանը, Ս.Հարությունյանը, Ա.Նիկողոսյանը և Կ.Պետրոսյանն իրենց մեղավոր են ճանաչել:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 06.08.2013թ. դատավճռով Ա. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատզրկման՝ 4 տարի 9 ամիս ժամկետով,

Ա. Եղիազարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով,

Ս. Հարությունյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով,

Կ.Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը և պատժաչափի չկրած մասը կրճատվել մեկ քառորդով։

Է. Մաճկալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: Բայցև նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը և ազատվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց:

Կ. Պողոսյանը , Ա.Նիկողոսյանը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով։

Ա.Եղիազարյանի, Ա.Նիկողոսյանի, Կ.Պողոսյանի և Ս.Հարությունյանի նկատմամբ դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը և նրանց ազատել ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։


Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

«Շենգավիթ-1» վճարային ծառայության 7 աշխատակիցներ դատապարտվեցին