.jpg)
Քեթրին Էշթոն․ Սիրիական հարցը պետք է քաղաքական լուծում ստանա
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քեթին Էշթոնը նախօրեին կրկին հայտարարեց, որ սիրիական ճգնաժամի համար պետք է քաղաքական լուծում գտնվի՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է շարունակել Ժնևյան բանակցությունները։
«Միջազգային հանրությունը պետք է գտնի Սիրիայում քաղաղության և անվտանգության հաստատման քաղաքական ուղին, ինչպիսին Ժնևյան 2 բանակցություններն էին»,- ասել է Քեթրին Էշթոնը՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Էշթոնն ընդգծել է, որ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի հետ զրույցներում ասել է, որ պետք է գտնել բռնության դադարեցման և մարդկանց խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու ուղին։
Չնայած ԵՄ-ի կողմից ժնևյան բանակցությունները շարունակելու կոչերին՝ ընդդիմադիր Սիրիական ազգային կոալիցիան հայտարարեց, որ չի շարունակի բանակցությունները իշխանության կողմից քիմիական զենքի կիրառումից հետո։
«Մենք հրաժարվում ենք խոսել Ժնևյան բանակցությունների մասին, այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ։ Մենք պետք է պատժենք դիկտատոր Բաշարին, որից հետո կքննարկենք Ժնևյան բանակցությունների հարցը»,- օգոստոսի 26-ին Ստամբուլում Reuters-ին ասել էր կոալիցիայի գլխավոր քարտուղարը։