Հայկոն ու Մկոն «Կարգինի» թիմի նոր նախագծում համատեղ հանդես չեն գա
27/08/2013 19:50

Հայկոն ու Մկոն «Կարգինի» թիմի նոր նախագծում համատեղ հանդես չեն գա

Հայկոն (Հայկ Մարության) ու Մկոն (Մկրտիչ Արզումանյան) «Կարգինի» թիմի նոր նախագծում համատեղ հանդես չեն գա, կլինեն բոլորը, բացի Կարգին Հայկոյից: Եվ կարծիք կա, թե Կարգին Հայկոյի «մեկուսացնելը» կապված է հատկապես նրա քաղաքացիական ակտիվության հետ, չնայած տարբեր հարցազրույցներում դերասանը հերքել է դա, ասելով, որ մեկը մյուսին չի խանգարում: Aravot.am-ի հետ զրույցում Կարգին Հայկոն չցանկացավ անդրադառնալ այդ թեմային, ասաց, որ չի ուզում կրկնվել:

Mediamall.am-ին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է. «Շատ մեծ աշխատանք է կատարվել Հայկո-Մկո դուետի կայացման համար: Ահռելի մեծ ջանք է թափվել ստեղծագործական խմբի կողմից՝ պահելու համար այդ դուետը բարձր մակարդակի վրա: Ես շատ եմ ցավում այդ իրավիճակի համար թե որպես դերասան Հայկո, թե որպես այդ ստեղծագործական խմբի ղեկավար»:

Aravot.am-ի հարցին՝ իսկ ի՞նչ է մտածում իր այն կոլեգաների մասին, որոնք ակտիվ քաղաքացիներ չեն, Հայկ Մարությանը բազմանշանակ ծիծաղեց, ապա հավելեց. «Միայն բարի մաղթանքներ… Ամեն մեկն իր կյանքն ապրում է այնպես, ինչպես ճիշտ է գտնում, ի՞նչ ասեմ…»: Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը վերջին շրջանում միշտ մաս է կազմել քաղաքացիական ակցիաների ու համարձակ գրառումներ է կատարել Ֆեյսբուքի իր էջում : Օրինակ, Կոմիտաս 5-ի դեպքերի հետ կապված՝ նա օրերս գրել էր. «Բրավո բնակիչներին՝ պայքարելու համար, դուք անում եք այն, ինչ պարտավոր են անել քաղաքային իշխանությունները»:

Ինչ վերաբերում է իրենց անվայել պահած ոստիկաններին, նրանց մասին էլ Հայկոն հետեւյալ կարծիքն էր հայտնել. «Եթե հայ ոստիկանը իրեն թույլ է տալիս հայ կնոջը հայհոյել, նա ինձ համար դադարում է լինել թե՛ ոստիկան, թե՛ հայ»:
 

Հայկոն ու Մկոն «Կարգինի» թիմի նոր նախագծում համատեղ հանդես չեն գա