.jpg)
Ախալքալաքյան խճանկար. Արագիլները կէրթան, ղառղռները կմնան
Ջավախքը պատմական հայկական տարածաշրջան է: Վերին Ջավախք գավառը մտնում էր Գուգարք նահանգի մեջ: Այսօր Ջավախքն ընդգրկում է Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգը` 6 շրջաններ և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանը:
Ջավախքի նախկին անվանումը եղել է «Զաբախա», այն ենթարկվել է փոփոխությունների` դառնալով` Ջավախք։
Հիշեցնենք, որ վրաց-ադրբեջանական բոլշևիկները 1921 թ. հուլիսին հասան ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին։ 1921 թ. նոյեմբերի 6-ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ-վրացական սահմանագծի վերաբերյալ:
Ջավախքցիներ
«Ձեր մոտ ամեն ինչ թանգ է, հերիք չէ, հազար դրամ տամոժնին կառնի Հայաստան մտնելու համար: Բա որ մենք էլ շլագբաում դնենք, լավ կլինի՞, ներս մտնողից-ըլնողից փող առնենք. Հայ ենք, չէ՞»,- Aysor.am-ին բողոքեց Բոգդանովկայի բնակիչներից Գուրգենը:
«2 տղա, 4 աղջիկ ունեմ. Էրիվան կաբրին, մեկը Մասկվա, մեկը մոտս: Բոգդանովկայում կաբրիմ, հող կմշակիմ, կարտոլ, գարի, ցորեն»,- պատմեց Գուրգենը:
Կարտոֆիլ են ցանում` փոխանակում, հիմնականում՝ Վրաստանի մեջ:
Պարզվեց, որ տարածաշրջանի կարտոֆիլագործների բախտն այս տարի չի բերել, Թուրքիայից մեծ քանակությամբ կարտոֆիլ է ներկրվել. «Էս տարի Թուրքիայից անպետք կարտոլ էին բերել` էժան կտային, մերը թափեցինք: Էն օրը մի տոննա կարտոլ աղբանոց տարա, չի ծախվում. Շուկայում Թուրքիայի և Հայաստանից կարտոլն է»:
Կարտոֆիլը Վրաստանում իրացնում են մեկ կգ-ն 20 թեթրի գնով, կամ փոխանակում «բարամբար խնձորի հետ»:
«Բագդանովկացիք չեն գնա ուրիշ տեղ, ուր էթաս պիտի աշխատես-ապրես, ով գնալու էր` գնացել է. արագիլները կէրթան, ղառղռները կմնան»,- կատակեց նա:
Գանձա գյուղից Յուրիկն առանձնպես դժգոհ չէր ապրելակերպից: Խոզ է պահում, անասուն, կաթ ու պանիր են ստանում, սակայն պանիրը դժվարությամբ են իրացնում, որ ընտանիքի կարքիները հոգան: Ըստ նրա՝ մեծ բիզնեսը կարողանում է գլուխ հանել, սակայն փոքրը չի կարողանում: Դժգոհ էր մաքսատան աշխատանքից. «Մենակ իրանց մասին են մտածում, գյուղացու մասին չեն մտածում. Էնպիսի ռաստամոժկա է, որ ձեռք չի տալիս»:
Առաջ շատ էժան էր մաքսավճարները, ապրանքը տանել-բերելը կարողանում էին. Հիմա պրոբմել է նախ և առաջ ավտոմեքենայով սահմանն անցնելը. Նորմայից ավելի չբարձեք, 1000 դրամ վճարեք և այլն:
Արտահանելուց հայկական մաքսատան հետ գործ ունեն, ներմուծելուց` վրացական:
Յուրիկն ամբողջ օր աշխատանքի մեջ է անցկացնում, ուրիշ աշխատանք չունի. «Ծնունդ, կնունք, թաղում կա, որ չաշխատեմ, ո՞նց գնամ: Էդ ա. ձեռք կուտա-կուտա, ձեռք չտա` կարտագաղթեն. Ով փող ունի՝ գնացել ա, ով չունի` չի էթա»:
«Ամուսինս անցել ա,- ասաց Գանձա գյուղից տիկին Նուշիկը, պատմեց, որ ամուսնացել է 14 տարեկանում, 6 երեխա ունի, երեխաները աշխատանքի համար «թափառական են դարձել», ապրում ու աշխատում են Մոսկվայում, Երևանում. ինքն էլ հերթով նրանց մոտ է ապրում:
74-ամյա Անահիտ տատին էլ Գանձայում է, չնայած պատկառելի տարիքին` աշխատում է, կով է կթում. «Կաշխատիմ, ինչ ուզիմ-կանիմ. Կուտիմ-կխմիմ»: 5 երեխա ունի, թոռ ու ծոռ:
Տատիկը իր կյանքից գոհ է, թոռներ երեխաներ, աշխատում է. «Ոչ մի տեղ էլ չեմ էթա, Գանձան իմ գեղն ա»: