ՀՀ անցակետերում թեժ գծի ցուցանակներ են տեղադրվել
27/08/2013 18:55

ՀՀ անցակետերում թեժ գծի ցուցանակներ են տեղադրվել

Պաշտպանի աշխատակազմի միջոցներով օգոստոսի 5-ից Հայաստանի 5 մաքսատներում և անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ: Տեղեկատվական հոլովակներ են ցուցադրվում նաև «Զվարթնոց» օդանավակայանի սրահներում: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի գրասենյակից:

Այսպես, եթե մաքսատանը խնդիրներ են ծագում Ձեր ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման, մաքսային արժեքի որոշման, մաքսային վճարների` հարկերի, տուրքերի և վճարների հաշվարկման և գանձման հետ կապված, կամ առանց Ձեր իմացության դրանք զննվում կամ փոփոխության են ենթարկվում, կարող եք ահազանգել մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:

Եթե դուք փախստական կամ ապաստան հայցող եք և երկիր ապօրինի մուտք գործելու համար պատասխանատվության եք ենթարկվել կամ 72 ժամից ավել եք պահվել հատուկ կացարանում, նույնպես կարող եք ահազանգել մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:

Օմբուդսմենն իր երախտագիտությունն է հայտնում Ազգային անվտանգության խորհրդին՝ սահմանային անցակետերում պաստառների տեղադրման թույլտվություն ստանալու համար և «Զվարթնոց» օդանավակայանին՝ հոլովակները անվճար հիմունքներով տեղադրելու համար:

 

ՀՀ անցակետերում թեժ գծի ցուցանակներ են տեղադրվել