Ռուբեն Սահակյանը ներկայացրել է Գորիսում հունիսի 1-ի դեպքի մանրամասները
28/08/2013 18:21

Ռուբեն Սահակյանը ներկայացրել է Գորիսում հունիսի 1-ի դեպքի մանրամասները

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե ինչ է եղել Ս. Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ի գիշերը:

Նրա խոսքով՝ Ավետիք Բուդաղյանը գինովցած վիճակում իր մեքենայով եկել է Ս. Խաչատրյանի տան մոտ և պահանջել, որպեսզի կանչեն Ս. Խաչատրյանին, բայց նրան ասել են, որ առավոտյան գա, որից հետո բանավիճել են և Ավետիք Բուդաղյանը հեռացել է:

Փաստաբանի հավաստմամբ՝ կես ժամ անց նա վերադարձել է և նրան են մոտեցել Ս. Խաչատրյանի որդիները` Տիգրանն ու Տրդատը և Նիկոլայ Աբրահամյանը ու նորից հորդորել վերադառնալ առավոտյան, սակայն, վերջինս չի համաձայնել:

Ռ. Սահակյանի խոսքով՝ նա պահանջել է, որ արթնացնեն Ս. Խաչատրյանին, որ «տեսնեն, թե ինչու այդպես եղավ»: «Նա չի ասել, թե ինչի մասին է խոսքը, բայց դատելով գործի նյութերից, խոսքը վերաբերում է այդ օրը Սըդըխի գյոլում, ըստ Զարզանդ Նիկողոսյանի տված ցուցմունքի, տեղի ունեցած վիճաբանությանը Ավետիքի և Զարզանդի միջև, երբ Զարզանդը ձեռքով հարվածել է նրան, իսկ Ս. Խաչատրյանը չի սաստել նրան», - ասաց Ռ. Սահակյանը:

Փաստաբանի խոսքով՝ որոշ ժամանակ անց գալիս է Արտակ Բուդաղյանը` որսորդական հրացանով, իսկ Ավետիք Բուդաղյանի ձեռքին այս անգամ լինում է «Արմսքոր» տեսակի հրազեն՝ 16 փամփուշտով: «Այդ պահին Տիգրան Խաչատրյանը վազել է իրենց տուն, որսորդական հրացան վերցրել և 2 անգամ կրակել է Ավետիք Բուդաղյանի վրա, քանի որ իր մոտ առաջացել է անհրաժեշտ պաշտպանության վիճակ»,-ասաց նա:

Ռ. Սահակյանի խոսքով՝ մինչև Տ. Խաչատրյանի վերադառնալը Լորետա Բարսեղյանը, նրանց տան աշխատակցուհի Կարինե Հարությունյանը և Տրդատ Խաչատրյանը փորձել են խլել Արտակ Բուդաղյանի զենքը, սակայն Ա. Բուդաղյանը արմունկով հարվածել է Տրդատին ու նա 1.5 մետր այն կողմ է ընկել: Նրա խոսքով՝ Արտակ Բուդաղյանը ձեռքի կտրուկ շարժումով գետնին է տապալել նաև իր եղբորը, իսկ Ավետիքը փորձել է բարձրանալ և զենքը գցել է դեպի եղբոր հրազենը, սակայն նորից ընկել է գետնին: «Այնուհետև հնչում է կրակոց, և Ա. Բուդաղյանը տապալվում է գետնին, որից 5 վայրկյան անց հնչում է 2-րդ և 3-րդ կրակոցը, մեքենայի տակից երևում է Նիկոլայ Աբրահամյանի ստվերը, որը ստանում է ծանր մարմնական վնասվածք Ա. Բուդաղյանի մոտ եղած ինքնաշեն ատրճանակից», - ասաց Ռ. Սահակյանը:

Փաստաբանի խոսքով՝ կադրում երևում են կրակոցներ, որոնք կանխարգելիչ նպատակ են ունեցել, և թեև տպավորություն է ստեղծվում, որ նա ընկնում է թիկունքից ստացված կրակոցից, սակայն դա այդպես չէ: «Կադրում երևում է, թե ինչպես է Ա. Բուդաղյանը կրակում փախչողների ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է տան շքամուտքի սյուներից մեկը», -ասաց նա:

Ռ. Սահակյանի խոսքով՝ Ա. Բուդաղյանի մարմնի մեջ եղել է 1 գնդակ, որը դուրս չի եկել, ուրեմն` գնդակի անցքն էլ 1 հատ է, և եթե մուտքը լյարդի շրջանում է, ուրեմն կրակոցը եղել է դիմացից:

Նախորդող հրապարակում՝ Ռուբեն Սահակյան. Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու

Ռուբեն Սահակյան. Ես շատ վրդովված եմ զինվորական դատախազության վրա
 

Ռուբեն Սահակյանը ներկայացրել է Գորիսում հունիսի 1-ի դեպքի մանրամասները