Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել է Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության գրանցումը
29/08/2013 12:31

Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել է Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության գրանցումը

 Նախօրեին կայացած ժողովի ժամանակ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հաստատել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության համար առաջադրված փաստաթղթերը: Ինչպես “Кавказский Узел” կայքն է հաղորդում, մերժման համար հիմք է ծառայել Իբրահիմբեկովի՝ և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի քաղաքացիություն, ինչպես նաև Ռուսաստանում որոշակի պարտավորություններ ունենալու փաստը, ինչն ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արիֆա Մուխթարովայի հավաստմամբ, հաստատել են նաև Բաքվի Ռուսաստանի դեսպանատանը:

Հանձնաժողովի որոշումը հիմնավորվել է նաև նրանով, որ ըստ Ադրբեջանի պետական սահմանի ծառայության տվյալների, ընդդիմադիր թեկնածուն վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանում անցկացրել է 1163 օր: Այս տվյալների հիման վրա էլ Կենտրոնական հանձնաժաղովը եզրակացրել է, որ Իբրահիմբեկովը «Ադրբեջանում մշտական բնակություն չի հաստատել»:
Իբրահիմբեկովի թեկնածության գրանցմանը դեմ է քվեարկել Ադրբեջանի ԿԸՀ-ի մեծամասնությունը: Նրանից միայն մեկ անդամ՝ Ակիֆ Գուրբանովն է ընդգծել այս որոշման աննպատակահարմար լինելը: Նրա պնդմամբ՝ Իբրահիմբեկովը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար, ուստի չի բացառվում, որ մինչ թղթերի հանձնման վերջնաժամկետը Ռուսաստանի իշխանությունները կբավարարեին նրա հայցը:

Իսկ Ազգային խորհրդի անդամ, «Ազգ» քաղաքական շարժման փոխղեկավար Զաֆար Գուլիևը հիմնավորված չի համարում ԿԸՀ-ի այն փաստարկը, որ Իբրահիմբեկովը մշտական բնակություն չի հաստատել Ադրբեջանում: «Նա արվեստի մարդ է և արտասահմանում է գտնվել գործերի բերումով: Ադրբեջանի դեսպանները նույնպես երկար ժամանակ ապրում են արտերկրում»:
Արդյոք ընդդիմադիր թեկնածուն կբողոքարկի ԿԸՀ-ի որոշումը թե ոչ դեռ պարզ չէ: Այս մասին դժվարանում է պատասխանել նաև Իբրահիմբեկովի փաստաբանը, ով պարզաբանում է, որ այս հարցով դեռ չի խորհրդակցել թեկնածուի հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Ադրբեջանի ԿԸՀ էին ներկայացվել Ազգային խորհրդի անդամ Ռուստամ Իբրահիմեկովի նախագահի թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց վերանայման ժամկետը լրանում էր այսօր: Ավելի վաղ

Իբրահիմբոկովը դիմել էր Ռուսաստանի իշխանություններին՝ այդ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու խնդրով՝ սակայն դեռ անպատասխան: Դրա փոխարեն ԿԸՀ էր ներկայացվել Իբրահիմբեկովի՝ Ռուսաստանում որևէ պարտավորվածություն չունենալու և քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացնելու մասին տեղեկանք:

Ներկայումս, որպես Ազգային խորհրդի միասնական թեկնածու հանդես է գալիս Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Ջամիլ Գասանլին, ով ընտրվել էր որպես խորհրդի պահեստային թեկնածու: Վերջինիս փաստաթղթերը ԿԸՀ էին ներկայացվել օգոստոսի 24-ին և դրանց վերանայման ժամկետը լրանում է օգոստոսի 29-ին:

Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել է Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության գրանցումը