Եգիպտոսի հեղաշրջումն ու շահարկվող Հայոց ցեղասպանության հարցը
29/08/2013 20:30

Եգիպտոսի հեղաշրջումն ու շահարկվող Հայոց ցեղասպանության հարցը

Եգիպտոսում տեղ գտած զարգացումների և վերջին օրերին եգիպտական ԶԼՄ-ներում շահարկվող հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի հետ կապված Aysor.am-ը զրուցեց արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:

-Պրն. Գրիգորյան, ի՞նչ տեղի ունեցավ Եգիպտոսում:

-2011 թ-ի փետրվարին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո կայացած ընտրությունների արդյունքում իշխանության եկան իսլամական ուժեր, որոնք չկարողացան հանդարտեցնել և բնականոն զարգացման հունի բերել եգիպտական ներքաղաքական կյանքը: 2013 թ-ի հուլիսի սկզբին եգիպտական զինվորականների կողմից իսլամական ուժերը հեռացվեցին իշխանությունից, երկրում ծայր առած զանգվածային բողոքի ակցիաները ճնշվեցին, եղան բազմաթիվ զոհեր: Այս հեղաշրջման դեմ բողոքի ակցիաների արդյունքում զինվորականների կողմից հազարավոր իսլամականներ ձերբակալվեցին, այդ թվում երկրի նախագահ Մուհամմադ Մուրսին և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առանցքային դեմքերից ոմանք:

-Իսկ որո՞նք են երկրում տեղի ունեցած հեղաշրջման հիմնական պատճառները, և ի՞նչ կարելի է սպասել հետագայում:

Հիմնական պատճառներից մեկն այն էր, որ 2012-ին իշխանության եկած իսլամականները չկարողացան երկիրը դուրս բերել ստեղծված անկայուն իրավիճակից` չունենալով երկրի ղեկավարման քաղաքական փորձ, փորձելով Եգիպտոսի ներքաղաքական և արտաքին քաղաքական ուղեգծում կարևորել իսլամական գործոնը: Փաստ է, որ Եգիպտոսի զինվորականությունը, որը ավանդապես ամուր դիրքեր է ունեցել եգիպտական հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում, իշխանությունը վերցրեց իր ձեռքը:
Չնայած երկրում հայտարարված ԱԻ-ին, իրավիճակը մնում է լարված: Կարծում եմ` «Մուսուլման եղբայրները» կշարունակեն իրենց պայքարը, որն արդեն ոչ թե նախկինի նման կլինի Եգիպտոսի քաղաքական կյանքում դիրքերի ամրապնդմանն ուղղված պայքար, այլ քաղաքական ասպարեզում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու և նախկին ղեկավար դիրքերը ետ նվաճելու համար պայքար, քանզի իսլամականներն ունեն ընտրված նախագահ և երկրի ղեկավարման 1 տարվա փորձ, ինչը խոստանում է բուռն զարգացումներ Եգիպտոսի հետագա ներքաղաքական կյանքում:

-Թուրքիան այն երկրներից էր, որը քննադատեց Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումը և զինվորականների կողմից Մուհամմադ Մուրսիի ձերբակալությունը: Ինչպե՞ս կպարզաբանեք Թուրքիայի նման պահվածքը:

Թուրքիայի արձագանքը Եգիպտոսում տեղ գտած զարգացումների վերաբերյալ քննադատական էր` ուղղված եգիպտական զինվորականությանը, որը մեղադրվեց Անկարայի կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու և երկրի լեգիտիմ իշխանությունների` Մուհամմադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության նկատմամբ հետապնդումների մեջ: Խնդիրն այն է, որ Թուրքիայում իշխանության ղեկին գտնվող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իսլամական կուսակցություն է, և այն ինչ տեղի է ունենում Թուրքիայի հարևան երկրներում իշխանության եկած իսլամական իշխանությունների հետ, իհարկե պետք է հետաքրքրի թուրքերին: Բացի դա, Էրդողանը, պայքարելով թուրք զինվորականության դեմ, մտավախություն ունի, որ հետագայում ինքը կարող է արժանանալ նման ճակատագրի Թուրքիայում:

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Եգիպտոսում վերջին շրջանում հայոց ցեղասպանությանն առնչվող նյութերի ու Եգիպտոսի կողմից ցեղասպանության ճանաչմանն ուղղված կարծիքների ակտիվ շրջանառությունը:

Իհարկե, պատահական չէին օրերս համացանցում 20-րդ դարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության Եգիպտոսի կողմից ճանաչման վերաբերյալ հայտնված տեղեկությունները: Դրանց թվում էին Թվիթերում, եգիպտական էլեկտրոնային կայքէջերում («Misr Alyom», «Almogaz» և այլն) հայկական կոտորածներին և վերջիններիս Եգիպտոսի վերաբերմունքին վերաբերող հրապարակումները: Այս հրապարակումները մեծ հաշվով ուղղված են ոչ այնքան Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, այլ ավելի շատ նպատակ ունեն ճնշումներ գործադրել եգիպտական զարգացումներին թշնամաբար տրամադրված Թուրքիայի նկատմամբ: Փաստ է, որ հայոց ցեղասպանությանն առնչվող վերոհիշյալ նյութերում «ցեղասպանություն» տերմինի օգտագործումից եգիպտական լրատվամիջոցները խուսաբում են` այդ տերմինի փոխարեն կիրառելով «կոտորածներ», կամ «կոտորած» տերմինը: Սակայն պետք է փաստել, որ թուրքական կողմի արձագանքը նմանատիպ հաղորդագրությունների վերաբերյալ բավական հիվանդագին բնույթ ընդունեց` փաստելով Թուրքիայի հիստերիկ վերաբերմունքը Եգիպտոսում շրջանառվող այդ նյութերի հետ կապված:
Կարծում եմ` միջազգային ասպարեզում հայոց ցեղասպանության հետ կապված մեր արձագանքը պետք է զերծ լինի զգայականությունից, և, հետևաբար, կլինեն հետագայում պետությունների կողմից կոնկրետ քայլեր հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված, ապա կլինի նաև կոնկրետ վերաբերմունք այդ ամենին, իսկ կոնկրետ այս նյութերը քարոզչական բնույթ ունեն և ոչինչ չեն տալիս:
 

Եգիպտոսի հեղաշրջումն ու շահարկվող Հայոց ցեղասպանության հարցը