.jpg)
Եվրոպական ժառանգության օրեր.50 երկրում մշակութային հուշարձանները բաց կլինեն
Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնության` Եվրոպական ժառանգության օրերի ամենամյա միջոցառումների շրջանակում միլիոնավոր մարդիկ կկարողանան ողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում 50 պետություններում անվճար այցելել հանրության համար հազվագյուտ բացվող հազարավոր պատմամշակութային վայրեր:
2013 թվականի Եվրոպական ժառանգության օրերը պաշտոնապես բացվում են վաղը (օգոստոսի 30-ին)` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ներկայումս նախագահող պետության` Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Նույն օրը կսկսի գործել նաև ինտերակտիվ նոր կայքը: Կայքում մանրամասնորեն ներկայացված կլինեն հանրության համար բացվող պատմամշակութային վայրերը, ինչպես նաև` տեղեկություններ Ժառանգության օրերի կապակցությամբ յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող հատուկ միջոցառումների մասին:
Եվրոպական ժառանգության օրերի ծրագիրն այս տարի սովորականի պես ներառում է պատմությանը կենդանի շունչ հաղորդող բազմաբնույթ հիասքանչ վայրերի և միջոցառումների հարուստ տեսականի: Հյուսիսային Իռլանդիայում, օրինակ, այցելուներին հրավիրելու են` երևակայել, որ ճակատամարտի են մասնակցում Միջնադարում, և «զգալ թրի ծանրությունը, մետաղե շղթայի քաշը և սաղավարտի փակման շրխկոցը»: Նիդեռլանդներում ընտրվել է «Իշխանությունը և փառքը» թեման, որի շրջանակում այցելուները կկարողանան վերապրել պատմության 400 տարիները: Շվեդիայում «Հանդիպման վայրերը» հուզական ճամփորդություն կապահովեն դարերի ընթացքում հանդիպելու և մեկնելու համար օգտագործված վայրերով: Շվեյցարիան իր հերթին «լուսավորելու է» պատմամշակութային ժառանգության ռելիեֆը կրակի, լույսի և էներգիայի թեմատիկայով:
Եվրոպական հանձնաժողովի Կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն նշել է. «Եվրոպական ժառանգության օրերի ծրագիրը հրաշալի նախաձեռնություն է, որից բավականություն կարող են ստանալ ցանկացած տարիքի և ցանկացած սոցիալական խմբի պատկանող անձինք: Այս տարի ակնկալում ենք, որ ավելի քան 20 միլիոն մեծահասակներ և երեխաներ բաց չեն թողնի յուրօրինակ առիթը և կայցելեն վայրեր, որոնք սովորաբար փակ են հանրության առջև: Այսկերպ լավագույնս կարող ենք փայփայել և պաշտպանել մեր միասնական եվրոպական ժառանգությունն` ի բարօրություն ապագա սերունդների, միաժամանակ զբոսաշրջության ծավալների ավելացման միջոցով օգուտ բերելով տեղի համայնքներին»:
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին հավելել է. «Եվրոպական ժառանգության օրերի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ տեղական մակարդակում դրա շարժիչ ուժն են համայնքները և տարածաշրջանները: Եվրոպայի տարբեր համայնքներ ամեն տարի դառնում են այս «մշակութային ընտանիքի» անդամներ` միասին տոնելով մեր չափազանց հարուստ մշակութային ժառանգությունը»:
Եվրոպական ժառանգության օրերի նախապատմությունը
Եվրոպական ժառանգության օրերը մեկնարկել են 1985 թվականին` 1999 թվականից իրագործվելով Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնության տեսքով: Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած 50 պետությունները մասնակցում են Եվրոպական ժառանգության օրերին: Մեկ ամիս տևող տոնակատարության շրջանակում կազմակերպվող մշակութային միջոցառումների շնորհիվ տեսանելի են դառնում տեղական հմտությունները, ավանդույթները, ճարտարապետությունը և արվեստը, միաժամանակ խորացնելով փոխըմբռնումը Եվրոպայի քաղաքացիների միջև: