.jpg)
Ընկերական խաղ` նվիրված հայազգի մեծանուն դարպասապահի հիշատակին
Ձմեռային օլիմպիական խաղերում հայազգի առաջին չեմպիոնը հոկեյիստ Գրիգոր Մկրտչի Մկրտչյանն է: Ծնվել է 1925 թ. Կրասնոդարում, գաղթականի ընտանիքում: Տափօղակով հոկեյի մեծանուն վարպետն օժտված է եղել դարպասապահի բնածին տաղանդով և անսասան է պահել ակումբային թիմերի և ԽՍՀՄ հավաքականի դարպասը: Մկրտիչ Մկրտչյանը ԽՍՀՄ իննակի, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն է: 1956 թվականին Իտալիայում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում Խորհրդային Միության հավաքականի կազմում նվաճել է ուժեղագույնի կոչումը:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետին վստահեցին… գնդակով հոկեյի հավաքականի գլխավոր մարզչի պատասխանատու գործը: Հայորդին գերազանցել է սպասելիքները, քանզի նրա գլխավորությամբ ԽՍՀՄ հավաքականը երեք անգամ ուժեղագույնն է ճանաչվել աշխարհում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Գ. Մկրտչյանն աշխատել է որպես ԽՍՀՄ սպորտպետկոմի պետական մարզիչ և բաժնի վարիչ: Նրան համարում են տափօղակով հոկեյի միութենական դարպասապահական դպրոցի հիմնադիր: Հանդես է եկել ԽՍՀՄ առաջնությունների 170 հանդիպումներում և 1950 թվականից ի վեր` հավաքականի պաշտոնական առաջին խաղից մինչև գործուն սպորտին հրաժեշտ տալը, համարվել է անփոփոխ առաջատարը` կրելով անխոցելի դարպասապահ մականունը:
2003 թ. փետրվարի 14-ին սպորտի վաստակավոր վարպետն ու մարզիչը, ԽՍՀՄ տասնյակ մեդալների և շքանշանների ասպետը 78 տարեկան հասակում Մոսկվայում կնքեց իր մահկանացուն:
Նրա մահից անցել է 10 տարի, բայց անվանի վարպետի հիշատակն անմահ է: Այդ մասին է վկայում Ծիծեռնակաբերդի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ռուսաստանյան թիմերի ընկերական մրցամարտը:
Մասնակիցները Մոսկվայից Երևան կժամանեն սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին: Հաջորդ օրը, ժամը 17:00-ին ՄՀՀ-ում հոկեյի լեգենդները կհանդիպեն լրագրողների հետ: Նույն օրը, ժամը 18:30-ին նախատեսված է համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ տափօղակով հոկեյի մրցամարտը:
Հայաստանում ՌԴ դեսպանատան և ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ կայանալիք այդ միջոցառումը նպատակը ռուս-հայկական բարիդրացիական հարաբերությունների, միջազգային օլիմպիական շարժման զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման, առողջ ապրելակերպի և Հայաստանում տափօղակով հոկեյի փառավոր ավանդույթների տարածման նպատակ է հետապնդում:
Ներկայացնում ենք մրցող թիմերի հավանական կազմերը:
«Հոկեյի լեգենդներ».- օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոններ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ-դարպասապահ` Վլադիմիր Միշկին, պաշտպաններ` Վլադիմիր Լուտչենկո, Սերգեյ Բաբինով, Յուրի Լապկին, Ալեքսանդր Գվոզդև, հարձակվողներ` Իրեկ Գիմաև, Ալեքսանդր Գոլիկով, Վլադիմիր Գոլիկով, Վիկտոր Շալիմով, Իգոր Միշուկով, Ռոման Իլյին, Եվգենի Դավիդով, Անդրեյ Կովալենկո և Ալեքսանդր Յակուշև:
«Գրադ» մարզակումբ.- դարպասապահ` Սերգեյ Բարզանով, պաշտպաններ` Օլեգ Բուրլուցկի, Ռուսլան Գուտնով, Ալեքսանդր Ստեպանով, հարձակվողներ` Սերգեյ Ժեբրովսկի, Նիկոլայ Կոպիտին, Ալեքսանդր Շաշկով, Ալեքսեյ Ուստինով, Օլեգ Կոզին, Ալեքսանդր Ժևելյուկ և Վլադիմիր Սիմակով: