.jpg)
Հոգեկան առողջությանը նվիրված համաշխարհային գիտաժողով` Երևանում
Այսօր մեկնարկել է «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը: Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան այն կազմակերպել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ), Հայկական բժշկական ասոցիացիայի և ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ գիտաժողովի մոտ 300 մասնակիցների թվում աշխարհի տարբեր երկրներից ժամանած ճանաչված մասնագետներ են` Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Պեդրո Ռուիզը (ԱՄՆ), Հոգեսոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը (Մեծ Բրիտանիա), Դինամիկ հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Նիկոլայ Նեզնանովը (Ռուսաստան), Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի էքս-նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկո), Ընտանեկան բժիշկների համաշխարհային կազմակերպության նախագահ Մայքլ Քիդը (Ավստրալիա) և ուրիշներ։
Գիտաժողովի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացած բացման հանդիսությանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը։
Հավելենք, որ գիտաժողովի ծրագրում ընդգրկված են 8 պլենար դասախոսություն, 27 սիմպոզիում, ընդհանուր առմամբ` 120-ից ավել զեկույց։ Հոգեկան առողջության ոլորտի բազաբնույթ հարցերի շարքում ներառված են նաև զեկուցումներ Հայոց ցեղասպանության, երկրաշարժի երկարատև հետևանքների, միջնադարյան շրջանի հոգեթերապիայի հայկական մոտեցումների վերաբերյալ: Նախատեսվում են նաև համաշխարհային ասոցիացիաների նախագահների խորհրդակցություն և «Երևանյան հռչակագրի» ստորագրում: