«Հայոց անկախ պետականության վերականգնման դարաշրջանը սկսվում է Արցախից»
02/09/2013 16:23

«Հայոց անկախ պետականության վերականգնման դարաշրջանը սկսվում է Արցախից»

«Այս օրը մեզ համար բացառիկ օր է, քանի որ 1920թ.-ի դեկտեմբերի 2-ի կամ 1921թ.-ի ապրիլի 2-ի անկախության կորստից հետո մենք այն վերագտանք 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին` Արցախում»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի անկախության հռչակման 22-ամյակին, ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նա նշեց, որ մինչև ՀՀ-ի անկախության հռչակումը` սեպտեմբերի 21-ը, Արցախը հռչակեց իր անկախությունը 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին, ինչը բացառիկ երևույթ է:

«Հայոց անկախ պետականության վերականգնման դարաշրջանը սկսվում է Արցախի անկախությունից»,-ասաց Ա.Մելքոնյանը:

Նրա խոսքով, շատ հաճախ Արցախ և Հայաստան հասկացողությունները տեղադրում են միևնույն շարքում, սակայն խոսելով Հայաստանի մասին պետք է հասկանանք առաջին հերթին Հայաստանը, Արցախը և Արևմտյան Հայաստանը, իսկ երբ խոսքը գնում է հայկական 2 պետականությունների մասին, պետք է նշվի Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն:

«Արցախը որպես հայոց նորագույն պետականության դրսևորում և ժողովրդավարության, և կայացման առումով դասական օրինակ հանդիսացավ Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց բանախոսը:

Մելքոնյանը նշեց, որ շատ բարեփոխումներ, որոնք բարեհաջող իրականացվեցին Արցախում հետագայում իրականացվեցին նաև Հայաստանում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին` ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան:

Ավելի ուշ, օգտագործելով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու և սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցադրման իրավունքը, որն ամրագրված է միութենական օրենսդրության մեջ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության անկախության մասին հանրաքվե անցկացնելու շուրջ:

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեին, որն անցել է տարբեր տեսակի զենքերից հայկական բնակավայրերի անդադար հրետակոծության ներքո, մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը:

Այդ հանրաքվեին մասնակցել են նաև Գետաշենի ենթաշրջանի բնակիչները, դրանով իսկ իրավական տեսակետից ամրագրելով ենթաշրջանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ մտնելը:

Քվեարկությանը չմասնակցած մարդկանց մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներն էին: Քվեաթերթիկները տպագրվել էին երեք լեզուներով` հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն:

Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքները, նրա ժողովրդավարական և թափանցիկ լինելը հաստատել էին արտասահմանյան անկախ դիտորդները:
 

«Հայոց անկախ պետականության վերականգնման դարաշրջանը սկսվում է Արցախից»