Ն. Մնացականյան. Հեծանիվը փոխադրամիջոց դարձնելով՝ կունենանք մաքուր Երևան
02/09/2013 19:24

Ն. Մնացականյան. Հեծանիվը փոխադրամիջոց դարձնելով՝ կունենանք մաքուր Երևան

Երևանի «Վահագնի» թաղամասում տեղի է ունեցել «Երևանյան գավաթ» սիրողական հեծանվային սպորտի առաջին բաց մրցաշարը՝ մայրաքաղաքի հեծանվասպորտի բազմաթիվ սիրահարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Նախաձեռնությունը «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայինն» էր, որին աջակցել էին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «HOVNANIAN INTERNATIONAL» ընկերությունը:

Մրցաշարին հայտ ներկայացրած 300-ից ավելի մասնակիցներից եզրափակիչ փուլ էին դուրս եկել 70-ը, այդ թվում` 10 աղջիկներ: Վերջիններիս ներկայությունն առանձնակի շուք ու տրամադրություն էր հաղորդել միջոցառմանը:
Լեռնային 1500 մ հեծանվավազքում «Երևանյան գավաթ» սիրողական հեծանվային սպորտի անդրանիկ գավաթակիրը դարձավ Հակոբ Սահակյանը, մրցաշարի արծաթե և բրոնզե մրցանակիրներն էին Ռուբեն Աշիկյանը և Արա Սարգիսյանը: Նույն հեծանվավազքում աղջիկներից լավագույնը ճանաչվեց Սիրանուշ Բաղդասարյանը:

«Նմանօրինակ մասշտաբային միջոցառումներին աջակցելն ու խրախուսելը մեզ համար և հաճելի է, և պարտավորեցնող, առավել ևս, որ միջոցառման նախաձեռնողը երիտասարդ է ու նպատակ ունի էլ ավելի մասսայականացնել հեծանվասպորտը: Այս մրցաշարերը կարող են ՀՀ-ում պրոֆեսիոնալ հեծանվասպորտի զարգացման լավագույն պատվարը դառնալ, միաժամանակ կքարոզվի առողջ ապրելակերպը, իսկ հեծանիվը փոխադրամիջոց դարձնելով՝ կունենանք էկոլոգիապես մաքուր Երևան»,- շնորհավորելով միջոցառման մասնակիցներին նշել է Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը:

Վերջում՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» նախագահ Արման Անտոնյանը շնորհակալագրեր է հանձնել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, ի դեմս` նախարար Յուրի Վարդանյանի ու «HOVNANIAN INTERNATIONAL» ընկերությանը, ի դեմս` բարերար Վահագն Հովնանյանի և հույս հայտնել, որ համագործակցությունը կդառնա շարունակական, մրցաշարը՝ ամենամյա: