Սարգսյան-Պուտին հանդիպման առանցքը կլինի Եվրասիական ինտեգրման գործընթացը
02/09/2013 20:37

Սարգսյան-Պուտին հանդիպման առանցքը կլինի Եվրասիական ինտեգրման գործընթացը

Կրեմլի լրատվական ծառայությունից ԳԱԼԱ-ին մանրամասներ են հաղորդել վաղը՝ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում սպասվող Վ. Պուտին - Ս. Սարգսյան հանդիպումից: Ղեկավարների խոսակցության առանցքում լինելու են մի քանի հարցեր՝ Եվրասիական ինտեգրման գործընթաց, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, տարածաշրջանում խաղաղության ապահովում, երկու երկրների համագործակցություն:

ԳԱԼԱ-ի գրավոր հարցադրումներին ի պատասխան, ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո գրասենյակը արձագանքել է.

«2013 թվականի սեպտեմբերի 3-ին կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Ա. Սարգսյանի հետ, ով աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում: Երկրների ղեկավարների զրույցի և ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում նախատեսվում է կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների օրակարգային հիմնական հարցերով` ներառյալ քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում փոխհամագործակցությունը: Նախատեսված է նաև քննարկել ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը: Մասնավորապես, Հայաստանի` Մաքսային միության և Ռուսաստանի, Բելոռուսիայի և Ղազախստանի հետ միասնական տնտեսական տարածությունում համագործակցության հեռանկարները, Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում բազմակողմանի համագործակցության արդի հարցերը»:

Կրեմլի պաշտոնական պատասխանում մանրամասն շարադրված են վերջին երկու տարվա ընթացքում Հայաստան-Ռուսաստան պաշտոնական հանդիպումները: Մանրամասն ներկայացված է Ռուսաստանի կողմից Հայաստանում ներդրումների ծավալը վերջին մի քանի տարիների ընթացքում, և առանձնահատուկ շեշտվում է նաև, որ ռուսական ներդրումները աճել են Հայաստանում, և ապա վերջում նորից շեշտադրվում է, որ կծավալվի երկխոսություն Եվրասիական ինտեգրման գործընթացի վերաբերյալ:

«Մոսկվան և Երևանը ակտիվորեն համագործակցում են ՀԱՊԿ և ԱՊՀ կազմերում՝ հանդիսանալով բավականին ակտիվ մասնակիցներ վերոհիշյալ ինտեգրացիոն կառույցներում: Նախագահների հանդիպմանը կծավալվի երկխոսություն Եվրասիական ինտեգրման գործընթացի վերաբերյալ»,- ասված է Պուտինի մամլո գրասենյակի պատասխանում:

Նյութի մանրամասներն՝ այստեղ.

Սարգսյան-Պուտին հանդիպման առանցքը կլինի Եվրասիական ինտեգրման գործընթացը