Ալ.Իսկանդարյան. Մաքսային միության անդամակցությունը խաղի սկիզբն է դեռ
04/09/2013 15:25

Ալ.Իսկանդարյան. Մաքսային միության անդամակցությունը խաղի սկիզբն է դեռ

«Հայաստանի կողմից «և-և» քաղաքականությունը կշարունակվի: Ես չեմ կարծում, որ Մաքսային միության անդամակցությունը խաղի ավարտ է, սա ամենաքիչը շարունակություն է, եթե ոչ սկիզբ»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀ և ՌԴ նախագահների մոսկովյան հանդիպման արդյունքներ մասին, նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Մաքսային միություն, թե Եվրամիություն ընտրության մեջ Հայաստանն ընտրեց ՀԱՊԿ-ն: Վիլնյուսյան գործընթացի մեջ ընդգրկված մյուս երկրների` Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի վրա ՌԴ-ն իհարկե կարող է որոշակի ճնշում գործադրել և ստանալ որոշակի արդյունքներ: Այս երկրների վրա ճշնման գործիքները ընկած են տնտեսական, ֆինանսական և հաղորդակցության ոլորտում: Մենք այս երկրներից տարբերվում ենք նրանով, որ ունենք ևս մեկ ձևաչափ. դա անվտանգությունն է: Այն մեզ համար շատ կարևոր է: Մենք պետք է հաշվի առնենք անվտանգության գործոնը, իսկ դա մեզ համար ՀԱՊԿ-ն է: Սա չէր կարող Հայաստանի իշխանությունը հաշվի չառնել»,- ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ  հենց ի հայտ են գալիս անվտանգության հետ կապված խնդիրներ, ընտրության հնարավորությունը զրոյանում է:

Երեկ տեղի ունեցածը, Իսկանդարյանի գնահատմամբ, մի քաղաքական գործընթացի արդյունք էր, որից չորս տարի շարունակ Հայաստանը փորձում էր փոխհամագործակցության տարբերակներ քաղել և՛ ԵՄ-ի, և՛ Մաքսային միության հետ:

Եզրափակելով խոսքը` Ա. Իսկանդարյանն ասաց, որ Մաքսային միության անդամակցությունը Հայաստանի համար ճակատագրական կամ կորուստ չէ:

Ալ.Իսկանդարյան. Մաքսային միության անդամակցությունը խաղի սկիզբն է դեռ