.jpg)
Անասնաբուծության և անասնաբուժության «կտրուկ աճերը»
Վերջին տարիներին հանրապետությունում տարեց տարի նկատվում է անասնագլխաքանակի աճ` պայմանավորված մսի, կաթի իրացվելիությամբ: Հատկապես կաթի նկատմամբ պահանջարկի աճ կա. կաթնամթերք վերամշակող գործարանները նախընտրում են օգտագործել թարմ կաթ` կաթի փոշու փոխարեն. Կաթի փոշու միջազգային գները բարձրացել են: Հայաստանում ներկայումս կաթը իրացվում է 140-170 դրամի շրջանակներում:
Գյուղոլորտի պատասխանատուները ժամական առ ժամանակ հայտարարում են, որ անասնագլխաքանակի նման կտրուկ աճը աննախադեպ է ԱՊՀ տարածքում, սակայն ժամանակ առ ժամանակ կաթի մթերման գներից դժգոհությունները հնչում են, երբեմն կաթ արտադրողները ակցիաներ են անում կառավարության առջև` բողոքելով կաթի մթերման գներից: Թեև գյուղանխաարարությունը չի կարող ազդել կաթի մթերման գների վրա, սակայն «խաղաղարարի» դիրքերում է` փորձում է և մթերողներին չնեղացնել, և արտադրողներին սիրաշահել, որը երբեմն ստացվում է, երբեմն` ոչ:
Իսկ մսի իրացումը, հատկապես ոչխարի մսինը, արդեն խնդիր չէ. Ոչխարի գլխաքանակի ավելացումը կապված է Իրանի Իսլամական Հանրապետություն հասակավոր ոչխարների արտահանմամբ. Իրանցիները նախընտրում են հասակավոր ոչխարը, իսկ Հայաստանում նախընտրում են գառի միս օգտագործել:
2013 թ.-ին գրանցվել է 303 320 հազար խոշոր եղջերավորի գլխաքանակ, որը նախորդ տարվա համեմատությամբ 62 հազար գլխով ավելի է, ավելացել է նաև մանր եղջերավորների գլխաքանակը` 84 հազարով և 2013թ.-ի հունվարի մեկի դրությամբ կազմել 675 հազար, խոզերի գլխաքանակը` համապատասխանաբար ավելացել է 37 հազարով, կազմել 145 հազար. այծերի գլխաքանակը կայուն է` 50-60 հազար գլխի սահմաններում:
Եթե 2008-ին արտահանվել էր ընդամենը 9 հազար գլուխ, ապա 2011-ին Իրան էր արտահանվել մոտ 135 հազար ոչխար: 2012թ.-ին 61 հազար գլուխ, այս տարի ևս արտահանումը կազմել է շուրջ 60 հազար գլուխ:
Նշենք, որ եթե նախկինում իրանցիները նախընտրում էին կենդանի ոչխարներ արտահանել, ապա արդեն միտում կա ոչխարի մսի արտահանում կազմակերպել, սակայն մորթված վիճակում կարծես թե գյուղացիները կողմ չեն վաճառելու միսը, ըստ նրանց այդպես ձեռնտու չէ:
Գուցե այս խնդիրն էր, որ ստիպեց իրանական կողմին համագործակցել Հայաստանի հետ` ստեղծելով հատուկ ոչխարների համար, հատուկ իրանական ծեսով մորթ կատարելու համար սպանդանոցներ` «հալալ մորթ»: Սպանդանոցները դեռևս չեն գործում, սակայն փորձնական մորթ արվել է: Սպանդանոցներից մեկը Սյունիքում է, մյուսը Կոտայքի մարզում:
Կարող ենք հավելել, որ անասնապահության ոլորտի «կտրուկ աճերը» տեղի են ունենում անասնաբուժության ոլորտի «կտրուկ աճերի» ֆոնին:
2012 թ.-ին անասնապահության ոլորտում ցնցում էր սիբիրախտի բռնկումը Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, այս տարի արդեն խոզագլխաքանակի շրջանում պաստերելյոզ, նաև ժանտախտ, ի դեպ ժանտախտներից աֆրիկյան ժանտախտի դեմ բուժում չկա. գլխաքանակը հարկադիր սպանդի է ենթարկվում. Այս հիվանդությունները ոչ առաջին տարին են գլուխ բարձրացնում:
Ենթադրվում է, որ որոշ հիվանդություններ խոզերը «ձեռք են բերում» անտառներից, որոնցով հարուստ են Լոռու և Տավուշի մարզերը, որտեղ և առավել է խոզագլխաքանակը: Պաշտոնապես 72 գլուխ է հարկադիր սպանդի ենթարկվել, սակայն պաշտոնական այս թվին հավատ չընծայելու հիմքեր կան, կոծկելու միտումն ակնհայտ է:
Խոշոր եղջերավորների շրջանում այս տարի աչքի ընկավ բրուցելոզ հիվանդությունը, որը նաև պետպատվերի շրջանակում է. միայն 80 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի հարկադիր սպանդի ենթարկվեց Կոտայքի մարզի Արամուս գյուղում. Որևէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, այժմ գործարարը հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում:
Բրուցելոզի դեպքեր են գրանցվել Գառնիում, Հրազդանում, Ամասիայում, Գյումրիում և այլն: Հարկադիր սպանդի է ենթարկվել նաև Շիրակի մարզի Հովունի համայնքում 19 և Կոտայքի մարզի Ֆանտան համայնքում 15 գլխաքանակ, իսկ մանր եղջերավորներից 179-ը` Հովունիում, Կոտայքի մարզի Ֆանտան համայնքում 236 գլուխ:
Այլ հարց, ինչպես բարելավվել անասնաբուժության ոլորտում իրավիճակը, այլ հարց, որ կառավարությունն ամեն ինչ վրա կարող է փող ծախսել, անգամ թանկարժեք ու անօգտակար զուգարանների, իսկ տուժած գյուղացիներին փոխհատուցելու գումար չունի: