.jpg)
«Ռուսաստանն այլևս հավասար հարթության վրա չի դնի Հայաստանին և Ադրբեջանին»
Այն, որ Հայաստանը պատրաստ է մտնել Մաքսային միություն, իր մեջ որևէ նորություն կամ անակնկալ չէր պարունակում: Ռուսաստանը դառնում է ուժային բևեռ, հիմնահարցային չէ արդյոք պետությունները կլինեն անկախ, թե կախյալ: Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ և ՌԴ նախագահների մոսկովյան հանդիպման արդյունքները, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Այն, որ Հայաստանի մուտքը դեպի Մաքսային միություն, շատերի մոտ դժգոհությունների առիթ է դարձել, Լ. Շիրինյանը պատահական չհամարեց` նկատելով, որ արևմտամետները դիտավորյալ են աղմուկ հանում:
«Պետության կայացման համար, սակայն, ռուսամետ, արևմտամետ պետք չէ լինել, պետք է հայամետ լինել: Իրավական պետություն ստեղծելու և ունենալու համար ոչ Ռուսաստանի քարն է կարևոր, ոչ էլ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի: Մենք ինքներս մեր երկիրը պետք է կառուցենք` առանց հույսը դնելու այլ երկրների վրա: Կարևոր չէ Եվրամիություն է, թե Մաքսային միություն, կարևորը, որ մենք կարողանանք նրանց հետ հավասար երկխոսություն պահպանել»,- ասաց Լ. Շիրինյանը:
Շարունակելով խոսքը` քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանը չի կարող Եվրամիության հետ ազատ հարաբերվել, քանի որ թուրքական վտանգ կա. «Բոլորին է հայտնի, որ բացի Ռուսաստանից, որևէ այլ երկիր Հայաստանի անվտանգության երաշխավորության հարցը իր վրա չի վերցնում, ու աշխարհիս երեսին միակ երկիրը Ռուաստանն է, որ վերցրել է նման պարտավորություն»:
Մաքսային միությունը Հայաստանին, քաղաքագետի գնահատմամբ, տնտեսական արտոնություններ կտա, քանի որ դաշնակից ենք:
«Ռուսաստանը Հայաստանին ոչ թե քաշում է Մաքսային միություն, այլ` զարկ տալիս ինտեգրացիոն գործընթացներին, որը շատ ավելին է, քան որևէ կառույցին անդամ լինելը: Դա նշանակում է, որ թեև մեր ազատությունը որոշ իմաստով սահմանափակվում է , սակայն այդ ընտանիքի մեջ մենք ստանում ենք բազմաթիվ արտոնություններ»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ եթե նույնիսկ ստորագրվեր Ասոցացման համաձայանգիրը, միևնույն է որոշ իմաստներով ՀՀ-ի ազատությունը կսահմանափակվեր, ավելին նույնիսկ «մեր օրենսդրությունը հոլանդականին կմոտենար ու տղամարդ չէինք ունենա»:
Նա ավելացրեց նաև, որ Մաքսային միությունը կտա բազմաթիվ արտոնություններ` հումքի էժանություն, մուտքի և տեղաշարժի արտոնություններ, բանակի զինում. «Հայաստանը պետք է փորձի Մաքսային միության արվեստանոցը դառնա, ինչը շատ հնարավոր է»:
Լ. Շիրինյանը ենթադրում է, որ ռուս սահմանապահները դիտմամբ են կրակել սահմանը հատած թուրք հովիվի վրա` փորձելով հասկացնել, որ եթե հայկական կողմը համառի, ապա սահմանը բաց կթողնեն:
Եզրափակելով խոսքը` Լ. Շիրինյանը նշեց, որ մտնելով Մաքսային միություն, պետք է բոլոր հնարավոր տարբերակներով հարաբերությունները փորձել պահպանել Եվրամիության հետ:
«Մի բան հստակ է՝ Հայաստանի, Արցախի, ինչու չէ նաև Ջավախքի անվտանգությունը մի քանի աստիճանով բարձրացավ: Ռուսաստանն այլևս չի կարող հավասար հարթության վրա դնել Հայաստանին և Ադրբեջանին, քանի որ մենք արդեն ունենք դերակատարում»,- ընդգծեց քաղաքագետը: