.jpg)
Ա. Արզումանյան. Բանակցություններից հետո նման շրջադարձն անհասկանալի էր
«Մեզ, իրոք, բացատրություններ ու պարզաբանումներ են պետք, որովհետև 3.5 տարի տևած բանակցություններից հետո նման շրջադարձն անհասկանալի էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Աժ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքով` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարությունը փաստորեն ի չիք դարձրեց «և-և»-ի սկզբունքը:
Ա. Արզումանյանի խոսքով` Եվրամիությունը դեռևս չի կողմնորոշվել, իսկ առաջին արձագանքները եղան արևելյան գործընկերության ծրագիրը նախաձեռնած երկրների կողմից:
«Այդ երկրներն են Լեհաստանը, բալթյան և սկանդինավյան երկրները, և պատահական չէ, որ դրանց արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որ բացառում են Հայաստանի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը, եթե մենք անդամագրվենք Մաքսային միությանը»,- ասաց Ա. Արզումանյանը:
Ա. Արզումանյանի կարծիքով՝ եթե մինչև Վիլնյուս գնալը մենք ստորագրենք Մաքսային միությանն անդամակցելու որևէ փաստաթուղթ, ապա չենք կարողանա ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
Նա նշեց, որ Եվրահանձնաժողովի հայտարարությունը վկայում է, որ Եվրամիությունը տարակուսում է, իսկ Ռուսաստանի կողմից նման ճնշումներ իրականացվում են Մոլդովայի և Ուկրաինայի նկատմամբ, թեև Ուկրաինան հայտարարություններ է անում, որ երբևէ չի ստորագրի Մաքսային միությանը միանալու համաձայնագիր, և Եվրոպայի համար Ուկրաինայի կարևորությունն անհամեմատելի է Հայաստանի կարևորության հետ: