Իրանի միջուկային խնդրով Արևմուտքի հետ այսուհետ կբանակցի ԱԳ նախարարը
05/09/2013 19:56

Իրանի միջուկային խնդրով Արևմուտքի հետ այսուհետ կբանակցի ԱԳ նախարարը

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ միջուկային խնդրի շուրջ բանակցություններ վարելու լիազորությունը փոխանցվել է ԱԳ նախարարությանը: Այս մասին տեղեկացնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:

Նկատենք, որ մինչ այդ միջուկային հարցով Արևմուտքի հետ բանակցություններն անցկացնում էր ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:

Հիշեցնենք, որ օրերս Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես նշել էր. «Իրանի ժողովուրդը չի ցանկանում հրաժարվել իր իրավունքից, և ոչ մի կառավարություն էլ չի կարող անտեսել ժողովրդի իրավունքը: Սակայն, մենք ցանկանում ենք աշխարհին ապացուցել, որ Իրանի կողմից որևէ սպառնալիք գոյություն չունի.: Միջուկային զենքը մենք չենք դիտարկում որպես երկրի անվտանգության բաղադրիչ, ընդհակառակը, դրա գոյությունը դիտարկում ենք որպես սպառնալիք»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը, վկայակոչելով միջուկային զենքի վերաբերյալ հոգևոր առաջնորդի ֆեթվան, հավելել է, որ միջուկային զենքը ներառված չէ Իրանի պաշտպանական դոկտրինում:

Նշենք, որ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Իրանի նորանշանակ ԱԳ նախարարի ծրագրում միջուկային խնդրի վերաբերյալ ներկայացված են հետևյալ դրույթները.

  • Ջանքեր գործադրել, որպես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործը դուրս բերվի ՄԱԿ-ի ԱԽ-ից
  • Աստիճանաբար լուծել Իրանի միջուկային խնդիրը՝ պահպանելով գիտական նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու Իրանի իրավունքը
  • Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների կառավարում, նվազեցում և վերացում:
Իրանի միջուկային խնդրով Արևմուտքի հետ այսուհետ կբանակցի ԱԳ նախարարը